Բերման ենթարկված ակցիայի մասնակիցներն ազատ են արձակվել, հնարավոր է, մեկի նկատմամբ քրգործ հարուցվի «իշխանությանը ծանր վիրավորանք» հասցնելու հոդվածով․ Ք․ Վարդանյան - RadioVan.fm

Онлайн

Բերման ենթարկված ակցիայի մասնակիցներն ազատ են արձակվել, հնարավոր է, մեկի նկատմամբ քրգործ հարուցվի «իշխանությանը ծանր վիրավորանք» հասցնելու հոդվածով․ Ք․ Վարդանյան

2021-10-07 18:46 , Политика, 1044

Բերման ենթարկված ակցիայի մասնակիցներն ազատ են արձակվել, հնարավոր է, մեկի նկատմամբ քրգործ հարուցվի «իշխանությանը ծանր վիրավորանք» հասցնելու հոդվածով․ Ք․ Վարդանյան

Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության՝ այսօր կառավարության շենքի առջև կազմակերպած խաղաղ ակցիայի ժամանակ բերման ենթարկված Տարոն Ղազարյանը և Գոռ Սարգսյանը ազատ են արձակվել։

Այդ մասին «Ռադիո Վան»-ին ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ նշելով, որ Գոռի նկատմամբ ուզում են քրեական գործ հարուցել «իշխանությանը ծանր վիրավորանք» հասցնելու հոդվածով։

Նշենք՝ խոսքը ամռանը ընդունված Քրեական օրենսգրքի՝«Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ նրա հանրային գործունեությամբ պայմանավորված» 137.1 հոդվածի մասին է, որը սահմանում է պատիժ՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Հիշեցնենք՝ այս հոդվածով արդեն կա հարուցված քրեական գործ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար, որի առնչությամբ, ի դեպ, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել՝ հայտարարելով, որ այն «ժողովրդավարական նորմերի ակնհայտ դեգրադացիա է»։

Հայտնել էինք, որ այսօր ժամը 15։00-ին կառավարության գլխավոր մասնաշենքի առջև «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 10-15 ներկայացուցչի մասնակցությամբ խաղաղ ակցիան դեռ չսկսված՝ ավարտվեց, քանի որ ոստիկանությունը, որը զգուշացրել էր բարձրախոս չօգտագործել կառավարության աշխատանքը չխաթարելու համար, նախ բերման ենթարկեց բարձրախոսով խոսող Տարոն Ղազարյանին, ապա՝ դրանից հետո լրագրողներին հարցազրույց տվող Գոռ Սարգսյանին։ Նշենք՝ կազմակերպիչների խոսքով՝ իրենք հավաքվել էին «հերթական անգամ ի ցույց դնելու ՀՀ վարչապետի խոսքի, գործի և իրականության անհամապատասխանությունը»։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть