1 մլն դրամ կստանա «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հաղթողը․ մրցաշարը հոկտեմբերի 30-ին է - RadioVan.fm

Онлайн

1 մլն դրամ կստանա «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հաղթողը․ մրցաշարը հոկտեմբերի 30-ին է

2021-10-07 17:04 , Спорт, 1194

1 մլն դրամ կստանա «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հաղթողը․ մրցաշարը հոկտեմբերի 30-ին է

Գործադիրն այսօրվա նիստում ընդունել է համապատասխան որոշում, որով նախատեսվում է գումար հատկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշար անցկացնելու նպատակով:

Ըստ հիմնավորման՝ սիրողական կրոսավազքի մրցաշարի անցկացումը հնարավորություն կտա խթանել զանգվածային մարզական միջոցառումներին բնակչության հետագա մասնակցության ապահովումը: Միջոցառման անցկացման համար նախատեսվում է հատկացնել 35 մլն դրամ, որից 15 միլիոնը կազմում է մրցանակային ֆոնդը, մնացածը նախատեսված է կազմակերպչական հարցերի համար:

Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները, ովքեր ունեն բժշկի համապատասխան թույլտվություն, կամ տեղեկանք առողջության վերաբերյալ և մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը:

10 կմ երկարությամբ մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 30-ին՝ Երևան-Էջմիածին մայրուղում (Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում):

Այն կացկացվի երեք տարիքային խմբերի համար՝

  • 15-17 տարեկան տղաներ և աղջիկներ` 3 կմ (մեկնարկը` Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մերձակա տարածքից),
  • 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ՝ 10 կմ,
  • 36 տարեկանից բարձր կանայք և 41 տարեկանից բարձր տղամարդիկ՝ 10 կմ (2-րդ և 3-րդ տարիքային խմբերի մեկնարկը՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքից դեպի Էջմիածին քաղաքի կենտրոն):

Առաջին տարիքային խմբի հաղթողները կպարգևատրվեն նոութբուքերով, երկրորդ և երրորդ տարիքային խմբերի հաղթողները՝ 1-ին տեղ գրավողը կստանա 1 մլն դրամ, 2-րդ տեղը՝ 600 հազար դրամ, 3-րդ տեղը՝ 400 հազար դրամ, 4-րդը՝ 150 հազար դրամ, 5-րդը՝ 100 հազար դրամ, 6-10-րդ տեղերը՝ 75 հազար դրամ և 11-20 տեղերը գրավածները՝ 50 հազարական դրամ:

Лента

Рекомендуем посмотреть