Առանց երաշխավորի ընդամենը 10 րոպեում վարկ տալու դիմաց մեկ տասնյակից ավելի անձանցից մոտ 4 մլն գումար են շորթել․ կասկածյալները կկալանավորվեն - RadioVan.fm

Онлайн

Առանց երաշխավորի ընդամենը 10 րոպեում վարկ տալու դիմաց մեկ տասնյակից ավելի անձանցից մոտ 4 մլն գումար են շորթել․ կասկածյալները կկալանավորվեն

2021-10-07 15:26 , Право, 1071

Առանց երաշխավորի ընդամենը 10 րոպեում վարկ տալու դիմաց մեկ տասնյակից ավելի անձանցից մոտ 4 մլն գումար են շորթել․ կասկածյալները կկալանավորվեն

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ խարդախությամբ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակած հանցավոր խմբի բացահայտման մասին:

ԱԱԾ այսօր տարածած հաղորդագրությունում նշվում է, որ երկու հոգուց կազմված խումբը Ֆեյսբուքում տեղադրել է գովազդ, որ «Արագ աջակցություն» անվանումով կազմակերպությունը ֆինանսական խնդիրներ ունեցողներին շտապ կարգով՝ ընդամենը 10 րոպեում, առանց երաշխավորի, առանց վարկային պատմության՝ տրամադրում է մինչև 4 միլիոն դրամ վարկ, ապա ուղղորդել մուտք գործել «ajakic.com» կայք, որտեղ լրացրել են վարկ ստանալու վերաբերյալ առցանց հայտ:

«Հայտ ներկայացրած անձանց հետ հեռախոսային կապ է հաստատել կազմակերպված խմբի անդամներից Բ. Բ-ն` մտացածին անուններով ներկայանալով որպես վարկային կազմակերպության աշխատակից, վարկ ստանալու ցանկություն հայտնած անձանց մոլորեցնելու, նրանց գիտակցության և կամքի վրա ներազդելու նպատակով կեղծ հավաստիացումներ է տվել, թե իբր վարկի գումարը հաստատվել է, և առաջիկա 20 րոպեների ընթացքում վարկը ստանալու համար հայտատուներից պահանջել է 094-60-58-68, 077-13-73-62 բջջային հեռախոսահամարներով «Թել Սել» վճարահաշվարկային համակարգում նախապես բացված հաշիվներին փոխանցել վարկի մարման առաջին ամսվա գումարի չափով կանխավճար: Նշված եղանակով ստանալով պահանջված գումարները՝ վերջիններս մեկ տասնյակից ավելի անձանցից 2021 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին ընդհանուր առմամբ խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3.939.800 ՀՀ դրամ գումար և տիրացել դրան, որն էլ «Թել Սել» վճարահաշվարկային համակարգից տարբեր օրերի կանխիկացրել է կազմակերպված խմբի անդամներից մեկը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի քննության սկզբնական փուլում կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով հիշյալ անձինք ձերբակալվել են, նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Քրեական վարույթի ներկա փուլում օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական տվյալների վերլուծության, համադրման ու գնահատման արդյունքներով իրականացվում են անհրաժեշտ քննչական ու այլ դատավարական գործողություններ՝ հայտնաբերված հանցավոր համագործակցության դրսևորման բոլոր հնարավոր եղանակները, առանձին դրվագները, ինչպես նաև տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ»,-մանրամասնում են ԱԱԾ-ից:

Лента

Рекомендуем посмотреть