Վիեննայում հայ և ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտությանը նվիրված փակ քննարկում է տեղի ունեցել:
Այդ մասին հայտնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ քննարկմանը, որը կազմակերպել է ավստրիական ուղեղային կենտրոններից մեկը, հայկական կողմից մասնակցել նա և Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու նույն կուսակցությունից Կարեն Ավագյանը:
Մարուքյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմից ներկա են եղել երեք պատգամավորներ և ադրբեջանական վերլուծական կենտրոնի ներկայացուցիչներ:
«Ի դեպ, քննարկմանը մասնակցում էին նաև ԵԱՀԿ, ԵՄ ներկայացուցիչներ, դեսպաններ, Ավստրիայի ՊՆ, ԱԳՆ և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ: Քննարկումն անցավ «Չաթմ Հաուս (Chatham House)» կանոններով, և բնականաբար, մանրամասներ հայտնել չեմ կարող: Սակայն կարող եք վստահ լինել, որ հայկական կողմի տեսակետները մեր կողմից լիարժեք ներկայացվել և պաշտպանվել են, ինչպես նաև համարժեք արձագանքվել է դիմացի կողմի փաստարկներին։ Արտաքին աշխարհում մեր ազգային պետական շահերից բխող մոտեցումները հնարավոր է և անհրաժեշտ է պաշտպանել։ Անկախ ներկայիս ռազմական ուժերի դասավորությունից՝ մեր դիվանագիտական, վերլուծական, մտավոր ներուժը մրցունակ է և մարտունակ»,-ֆեյսբուքյան գրառմամբ մանրամասնում է նախկին պատգամավորը՝ շեշտելով, որ իրենց հասանելի բոլոր միջազգային հարթակներն օգտագործել և օգտագործելու են մեր շահերն առաջ մղելու համար:
«Շատ գործ ունենք անելու և անելու ենք»,-գրառումը եզրափակել է Մարուքյանը։