Հանրապետությունում վերջին օրերին դիտվում է չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի առկա քանակների որոշակի անբավարարություն։
Այդ մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը՝ նշելով, որ առողջապահության նախարարության կողմից բանակցություններ են տարվում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում պատվաստանյութի նոր խմբաքանակի ներկրման ուղղությամբ:
Միաժամանակ, տեղեկացվում է, որ երկու դեղաչափի միջև սահմանված նվազագույն ինտերվալի խախտումը չի վնասում առողջությանը, և ավելի ուշ ժամկետում 2-րդ դեղաչափը ստանալու դեպքում բնավ չի նվազում տվյալ պատվաստանյութի արդյունավետությունը:
Նշենք՝ կորոնավիրուսիդեմ չինական պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացած քաղաքացիները վերջին օրերին լրատվամիջոցներին ահազանգել են, որ չեն կարողանում ստանալ երկրորդ դեղաչափը, քանի որ այն պարզապես չկա Երևանի, և մարզերիբուժհաստատություններում։ Քաղաքացիները անորոշության մեջ էին, նաև այն պատճառով, որ նրանց որևէ մեկը սպառիչ պատասխան չի տվել, թե սահմանված ժամկետի խախտմամբ պատվաստումն արդյոք արդյունավետ կլինի՞, թե՞ ոչ։
Ի դեպ՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից ընդգծում են, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութերի գլոբալ անբավարարություն է դիտվում ամբողջ աշխարհում։ Բացատրվում է, որ դա պայմանավորված է մի կողմից բնակչության շրջանում պատվաստանյութերի պահանջարկի աճով, մյուս կողմից արտադրական գործընթացներով:
Իսկ Հայաստանում, այդ հանգամանքներից զատ, COVID-19 համավարակով պայմանավորված՝ առկա է նաև երկիր ժամանող չվերթների սակավություն․ պարզաբանում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։