Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը մասնակցել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլին հետ հանդիպմանը։
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ Արման Թաթոյանը Վատիկանի պետքարտուղարին է փոխանցել 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերաբերյալ իր զեկույցները, հիմնավոր ապացույցներ։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ շեշտելով, որ կոպիտ ոտնահարված են միջազգային պահանջները և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։
Արման Թաթոյանն անդրադարձել է նաև պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը, իսկ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել ևս տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ։
Նշվում է, որ հանդիպմանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսից բացի, մասնակցել են նաև Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Նորին Ամենապատվություն Տեր Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանը, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Նշենք՝ ՀՀ քննչական կոմիտեի՝ հոկտեմբերի 4-ին հրապարակած տվյալների համաձայն՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը 108 գերի է վերադարձրել՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Մինչդեռ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցներին հղած նամակներում ահազանգել է, որ Ադրբեջանում պահվող գերիների թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են։
Սեպտեմբերին հրապարակած արտահերթ զեկույցում էլ Արման Թաթոյանը Ադրբեջանի կողմից գերեվարված քաղաքացիական անձանց, զինծառայողների նկատմամբ համակարգային, անմարդկային խոշտանգումների բազմաթիվ փաստեր է ներկայացրել:
2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում Կովսականում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ծառայողների կատարած առանձնակի դաժանության փաստերն էլ համադրելով, նրանց նույնականացնելով՝ Թաթոյանը հայտարարել է՝ նրանց ներկայությունը Սյունիքի համայնքային ճանապարհներին վտանգում է քաղաքացիական բնակչության անվտանգությունը։ Արման Թաթոյանն ասվածը փաստել է հոկտեմբերի 20-ին Կովսականում 61 հայ զինծառայողի հետ կատարվածով։