Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով երեկ իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) հայտնում են, որ որոնումների արդյունքում հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Նրանցինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք՝ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1680 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
ԱԻՊԾ-ից նշում են, որ որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին կտրամադրեն հավելյալ տեղեկություն։