ՀՀ առողջապահության նախարարությունից (ԱՆ) հայտնում են, որ ամերիկյան «Մոդեռնա» ընկերության 50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը հասել է Հայաստան:
Այն Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել է Լիտվայի կառավարությունը։
Առողջապահական գերատեսչությունը շնորհակալություն է հայտնում Լիտվայի Հանրապետության կառավարությանը, առողջապահության նախարարությանը և Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին՝ COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին օժանդակելու համար:
Նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում ներդրած ջանքերի համար նախարարությունը շնորհակալություն է հայտնում նաև «Flagship Pioneering և Moderna Therapeutics» ընկերությունների ղեկավարությանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանին։
Տեղեկացվում է, որ բաշխումից հետո ներկրված խմբաքանակը հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում:
Ընդգծվում է՝ ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սպայկվաքս» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար: