Այսօր մեր առջև գիտելիքի և լուսավորության դռները բացող մարդկանց՝ մեր սիրելի ուսուցիչների մասնագիտական տոնն է։ Ուսուցչի ամենօրյա աշխատանքով է կերտվում երկրի պատասխանատու քաղաքացին, հայրենիքի պաշտպանը, գիտության առաջամարտիկն ու պարզապես մարդը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Գեղամ Ստեփանյանը։
«Հոկտեմբերի 5-ը՝ որպես ուսուցիչների և կրթական համակարգի աշխատողների միջազգային օր, լավագույն առիթն է նորից բարձրաձայնելու համակարգում աշխատող անձանց իրավունքների, կրթության կազմակերպման գործում նրանց անգնահատելի դերի և նրանց նկատմամբ պետության և հանրության ամենաբարձր հարգանքի և ուշադրության խիստ անհրաժեշտության մասին։
Ցավոք, մեզ պատուհասած պատերազմն իր բացասական հետևանքներն է ունեցել մեր ուսուցիչների մասնագիտական աշխատանքի բնականոն կազմակերպման վրա։ Պատերազմում զոհվել են 14 ուսուցիչներ, կրթական համակարգի 2600 աշխատակիցներ տեղահանվել են իրենց բնակավայրերից և զրկվել հարազատ կրթoջախում արժանապատիվ աշխատանքի իրավունքից, իրենց սաներին բնականոն և խաղաղ պայմաններում դաստիարակելու հնարավորությունից։ Պատերազմի հետևանքով մի շարք դպրոցներում դասապրոցեսը կազմակերպվում է գերհագեցած դասարաններով՝ ուսուցիչներից պահանջելով հավելյալ ջանքեր՝ կրթական պրոցեսն արդյունավետ կազմակերպելու համար։
Այնուամենայնիվ ուսուցիչն իր առաքելության նկատմամբ նվիրվածությունը վերստին ապացուցել է կորոնավիրուսային համաճարակի պայմաններում հեռավար ուսուցման շատ հաճախ խորթ հմտությունները յուրացնելու, ինչպես նաև պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածի հոգեբանական ծանր պայմաններում կրթական գործընթացը շարունակելու վճռականությամբ։
Ներդրած ջանքերի համար ուսուցիչները պետության և հասարակության կողմից պետք է արժանանան ամենամեծ հարգանքին ու գնահատմանը, ինչի մասին այսօր մեծ վերապահումներով կարող ենք խոսել, քանի դեռ ուսուցչի սոցիալական պաշտպանության գործուն մեխանիզմների և կատարած մեծագույն առաքելության համար պատշաճ վարձատրության ներդրման կարիք կա։
Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ և հավերժ շնորհակալ եմ մեր կյանքում ձեր կատարած նշանակալի առաքելության համար»,-ասված է Գեղամ Ստեփանյանի գրառման մեջ։