Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 3-ին այցելել է Արցախի գրավյալ Թալիշ և Մատաղիս (Սուգովուշան) բնակավայրեր, բարձրացրել է Ադրբեջանի դրոշը, ազդարարել է նոր ճանապարհի բացման մասին, վերակառուցումից հետո բացել է «Մատաղիս-1» և «Մատաղիս-2» հիդրոէլեկտրակայանները։ Այդ ամենից զատ՝ հնչել են նաև պիտակավորող հայտարարություններ Հայաստանի նախկին իշխանությունների հասցեին։
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևը, մասնավորապես, հայտարարել է, թե ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը և իր նմանները պատերազմում պարտվող կողմն են, ու այժմ նա պարտության համար ցանկանում է մեղադրել Փաշինյանին:
Ալիևը շեշտել է, թե Հայաստանի նախկին նախագահ Սարգսյանը դասալիքների թվում է եղել:
«Առաջին դասալիքը հենց Սերժիկ Սարգսյանն է, որովհետև պատերազմի ընթացքում, իբր ինչ-որ աշխատանք կատարելու համար Խանքենդում (Ստեփանակերտ) գտնվելիս, երբ տեսավ, որ ադրբեջանական բանակն արդեն մոտենում է և կարող է բռնել նրա ականջից և բերել Բաքու, նա վախկոտի պես փախավ այնտեղից՝ դասալիքի նման: Ես նրան Սերժիկ եմ անվանում ոչ թե այն պատճառով, որ ուզում եմ նվաստացնել նրան, այլ որովհետև մեր արխիվները պարունակում են տեղեկություններ, որ նրա ծննդյան վկայականում՝ Կոմսոմոլի տոմսում, նա նշված է որպես Սերժիկ Սարգսյան: Հետագայում նա փոխել է իր անունը և դարձել Սերժ, իբրև թե դա ընդունելի անուն էր»,-ասել է Ադրբեջանի նախագահը՝ հայտարարելով, թե որպես գերագույն գլխավոր հրամանատար՝ գտնվում է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքում, ու, եթե Սերժ Սարգսյանը համարձակություն ունի, թող գնա այնտեղ:
«Եթե Սերժիկը համարձակություն ունի, թող գա այստեղ: Նա խոսում է քաջության, Կովկասում քաջության մասին: Նախ, նրա ժողովուրդը ոչ մի կապ չունի Կովկասի հետ: Նրանք եկվորներ են, և բոլորը գիտեն, թե որտեղից են եկել: Երկրորդ, եթե դուք խոսում եք քաջության մասին, ապա եկեք այստեղ որպես տղամարդ: Տեսեք, ես այստեղ կանգնած եմ: Ես Սուգովուշանում եմ, որին դուք անվանում եք «Մատաղիս»,-հայտարարել է Ալիևը։