Ադրբեջանի զինվորական դատախազ, գեներալ-լեյտենանտ Խանլար Վելիևը հայտնել է, որ 44-օրյա պատերազմում հաստատված զոհերի թիվը 2907 է։
«Մինչև հիմա լիովին հաստատվել է 2907 զինծառայողի ինքնություն, այդ թվում՝ մարտերի ընթացքում անհետ կորած համարվող։ Շարունակվում են օպերատիվ-հետաքննական միջոցառումները՝ պարզելու պատերազմի ժամանակ անհետ կորած ևս 7 զինծառայողի գտնվելու վայրը։ Ներկայում որոնողական խմբերն ինտենսիվ աշխատանք են տանում»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Վելիևը։
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևն էլ հայտնել է, որ արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո «ազատագրված» տարածքներից 150 մարդու մարմին են հայտնաբերել, ու որ մի քանի դի էլ իրենց է փոխանցել հայկական կողմը։
Նշենք՝ պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհվել է 3781 անձ՝ զինծառայողների և քաղաքացիական անձինք։ 27.09.2021թ. դրությամբ անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները 30․09․2021թ․ դրությամբ հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1678 աճյուն։
Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ, թեև հայկական կողմի տվյալով՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվն անցնում է 200-ից։