Հնդկաստանը պատրաստ է առավել խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը նաև պաշտպանական ոլորտում. այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպմանը վստահեցրել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դեվալը՝ շեշտելով, որ երկու երկրների միջև քաղաքական, մշակութային, տնտեսական և այլ ուղղություններով առկա է բարձր մակարդակի հարաբերություններ։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Հնդկաստանը ներկայացնող դիվանագետը նաև շնորհավորել է Արշակ Կարապետյանին՝ Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում պաշտպանության նախարարի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հետ համագործակցության շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններ, մասնավորապես՝ ռազմատեխնիկական ոլորտը:
Հայ-հնդկական ռազմական համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ակտիվացնելու մասնագիտական աշխատանքային խմբերի գործունեությունը: