Ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահմանն առնչվող քրեական գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը երկու ամսով կկալանավորվի․ Դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննիչի միջնորդությունը։
Այդ մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:
«Առաջադրված մեղադրանքում Դավիթ Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչել։ Մեղադրանքի կապակցությամբ դատարանում հայտարարություն արեց և տվեց համապատասխան բացատրություններ։ Մեր ակնկալիքն այն էր, որ կիրականացվի արդարադատություն՝ ներկայացված միջնորդության հետ կապված։ Ամեն դեպքում, պայքարը պետք է շարունակենք։ Վերաքննիչ դատարանում համապատասխան բողոք կներկայացվի»,-նշել է Տոնոյանի պաշտպանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, երեկ բավարարել է նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանի՝ առավել հայտնի «Պատրոն Դավո»-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Նրա փաստաբան Արմեն Հարությունյանը հայտնել է, որ կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի։
Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտնեց, որ 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև ռազմամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը՝ առավել հայտնի «Պատրոն Դավո» մականվամբ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ձերբակալվել են և այդ քրեական գործով ներգրավվել որպես մեղադրյալ:
Խոսքը շուրջ 4.7 միլիոն դոլարի չարաշահման մասին է: