2022-ից կանխիկ դրամաշրջանառությունը կնվազեցվի․ շեմը 300 հազար դրամն է - RadioVan.fm

Онлайн

2022-ից կանխիկ դրամաշրջանառությունը կնվազեցվի․ շեմը 300 հազար դրամն է

2021-09-30 16:24 , Политика, 1770

2022-ից կանխիկ դրամաշրջանառությունը կնվազեցվի․ շեմը 300 հազար դրամն է

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

Օրինագծերի նպատակն է նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը:

Ինչպես նշել է Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ 2022 թ. հունվարի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքներն իրականացվելու են բացառապես անկանխիկ եղանակով։

Փոփոխություններով սահմանվել են նաև անկանխիկ գործառությունների ոլորտները:

Մասնավորապես, ՀՀ տարածքում անձանց միջև 2022 թ. հունվարի 1-ից ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներում դրանց դիմաց վճարումը և վճարի ստացումը և այլ գործարքները իրականացվելու են անկանխիկ ձևով՝ աստիճանակարգված ձևով: Ինչպես ծախսային, այնպես էլ եկամտային մասում կանխիկի վրա սահմանափակում սահմանելիս հաշվի է առնվել Երևան քաղաքի և մարզերի միջև ոչ համաչափ զարգացվածության հանգամանքը: Այդ պատճառով անկանխիկ վճարումների վերաբերյալ պահանջները դասակարգվել են ըստ վայրերի և սահմանվել են (Երևան, մարզկենտրոններ, այլ քաղաքային վայրեր) անկանխիկ վճարման պահանջի իրականացման տարբեր ժամկետներ:

Օրինագծերի փաթեթով քաղաքացիների համար կստեղծվեն պայմաններ՝ անկանխիկ վճարումների իրականացման համար:

Մասնավորապես՝ նախատեսվել է խանութներում և սպասարկման այլ վայրերում վճարային գործիքներ (վճարային քարտ) ընդունող սարքերի տեղադրման դրույթներ:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ուժեղացնել հարկային վարչարարությունը և պայքարել ստվերային տնտեսության դեմ: Նախագծերի փաթեթում նախատեսվել է նաև անկանխիկ վճարման դեպքում ապրանքի, ծառայության դիմաց ավելի բարձր գին սահմանելը և (կամ) ավելի մեծ գումար ստանալը արգելող դրույթ: Անկանխիկ վճարման մասին դրույթներ սահմանելիս փաթեթում հաշվի են առնվել ստվերային և դրանով պայմանավորված ռիսկեր պարունակող ոլորտները (բուժսպասարկում, կրթական ոլորտ և այլն), որտեղ կանխիկի սահմանափակումները կօգնեն հասնելու սահմանված նպատակներին:

Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի նաև միջազգային շուկայում շարունակաբար զարգացող, տեղեկատվական տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների/միջոցների (QR կոդեր, անհպում և այլ տեխնոլոգիաներ, ակնթարթային վճարումներ)՝ տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պետական վճարումների ոլորտում, ներդրման և բնակչության լայն խավերի կողմից կիրառման համար՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության որդեգրած՝ ՏՏ ոլորտի առաջատար մշակող և կիրառող երկիր ստանձնելու ստրատեգիկ նպատակին:

«Անկանխիկ գործարք նշանակում է հետագծելի գործարք: Եվ մենք այս առոմով հակակոռուպցիոն քաղաքականության մեջ մեր հետևողականությունն ենք դրսևորում և այս ճանապարհով շարունակելու ենք գնալ: Գործարքների հետագծելիությունը մեզ համար պետական բյուջեի եկամուտներն ապահովելու առումով նույնպես լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում, որովհետև այս պարագայում հարկերից խուսափելը, շրջանցելը ավելի դժվար է դառնում և վարչարարությունն ավելի հեշտ է դառնում: Անկանխիկի շրջանառությունը, իհարկե, էականորեն մեծացնում է նաև պետական ֆինանսների օգտագործման արդյունավետությունը»,-կարևորելով օրինագծի հակակոռուպցիոն իմաստը՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն օրենսդրական նախաձեռնությունը կարևորել է նաև թվայնացման համատեքստում, այդ առումով ընդգծվել է ոլորտի հիմնական չորս անելիքերը․

«Առաջինը՝ մենք պետք է լրջորեն խթանենք Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից չափանիշներին համապատասխանող նույնականացման քարտերի շրջանառումը, երկրորդը՝ ներդրված է և պիտի էականորեն հեշտացնենք և հասանելի դարձնենք էլեկտրոնային ստորագրությունների կիրառումը, երրորդը՝ պետք է այս երկու համակարգերը կապենք բջջային հեռախոսի հետ, հեռախոսահամարի հետ: Եվ չորրորդ՝ պետք է այս ամենը կապենք մարդու ֆինանսական գործունեության հետ: Այս չորս ուղղություններով զարգացումը շատ կարևոր է, որպեսզի մարդը կարողանա բջջային հեռախոսով կատարել վճարումներ, ստանալ և վճարել գումարներ, կնքել գործարքներ»:

Лента

Рекомендуем посмотреть