ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Խորհրդարանի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
«Հակոբ Արշակյանը, շնորհակալություն հայտնելով ռուսական կողմի ցուցաբերած աջակցության համար, բարձրաձայնել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հրատապ կարգավորման հարցը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը պետք է անհապաղ վերադարձնի ռազմագերիներին և պահվող այլ անձանց՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:
Դեսպանն իր հերթին նշել է, որ խնդիրը ՌԴ իշխանությունների ուշադրության կենտրոնում է»,-տեղեկանում ենք ԱԺ-ի հրապարակումից: