Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) անժամանակ մահվան կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացա սիրված երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) անժամանակ մահվան մասին: Նա հայ ժամանակակից երգարվեստի վառ ներկայացուցիչներից էր և իր գործունեությամբ վաստակել է ժողովրդական սեր ու հարգանք: Նրա ստեղծագործությունները սիրված են ժողովրդի կողմից, իսկ հեղինակած ռոմանսները հայ երգարվեստի հարուստ ժառանգության մեջ զբաղեցնում են իրենց ուրույն տեղը: Հայկոյի երաժշտությունը հնչել է նաև հայկական ժամանակակից մի շարք ֆիլմերում, որոնք մեծապես նպաստել են հայ կինոյի զարգացմանը: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում երգչի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին ու նրա արվեստի երկրպագուներին»:
2006-ին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչմանն արժանացած Հայկոյի մահվան կապակցությամբ ցավակցագիր է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Մեր երաժշտական աշխարհը կորցրեց մի վառ անհատականություն, որն աչքի էր ընկնում ինքնատիպությամբ ու յուրահատուկ ճաշակով, ինչի վկայությունը հանրության կողմից սիրված նրա ստեղծագործություններն են: Հայկ Հակոբյանի երգն ու երաժշտությունը մեղեդու և հնչյունի այն երկխոսությունն էր, որ միշտ մնալու է նրա արվեստի երկրպագուների սրտերում:
Ափսոսանքի խոր զգացումով ցավակցության ու մխիթարանքի խոսքերս եմ հղում Հայկ Հակոբյանի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին ու ընկերներին»,-ասված է Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում։
Հայտնել էինք, որ այսօր կյանքից հեռացել է երգիչ, երգահան Հայկ Հակոբյանը՝ Հայկոն։ Նա վերջին օրերին տեղափոխվել էր բուժկենտրոն, պայքարում էր կորոնավիրուսային հիվանդության դեմ։