Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցում կրկին հայտարարել է, որ Ադրբեջանում հայ ռազմագերիներ չկան։
«Պատերազմի ընթացքում գերի ընկած բոլոր ռազմագերիները վերադարձվել են Հայաստան: Հայաստանի կառավարությունը կարող է դա հաստատել: Մենք նույնիսկ նրանց վերադարձրել ենք մինչ մեր ռազմագերիներին վերադարձնելը»,-ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Ալիևը՝ կրկին շեշտելով, որ բոլոր այն գերեվարվածները, որոնք Ադրբեջանում են, ու որոնց վկայակոչում են հասարակական կազմակերպությունները, հանցագործներ են։
Ալիևը հավելել է, որ միջազգային բոլոր կոնվենցիաների համաձայն՝ պատերազմի ավարտից հետո ձերբակալվածները չեն կարող ռազմագերիներ համարվել։ Տվյալ անձինք, նրա խոսքով, պետք է պատասխան տան արդարադատության առջև, ինչը տեղի է ունեցել։
«Ռազմագերիները պատերազմի ժամանակ գերեվարված մարդիկ են: Պատերազմը դադարեցվեց նոյեմբերի 10-ին, դեկտեմբերի սկզբին ազատագրված տարածքում հայտնաբերեցինք հայկական դիվերսիոն ջոկատի 62 անդամի, որոնք ուղարկվել էին նոյեմբերի 26ին, այսինքն՝ պատերազմի ավարտից 16 օր անց: Նրանք չեն կարող համարվել ռազմագերիներ, և մենք, որպես բարի կամքի դրսևորում, նրանցից շատերին արդեն վերադարձել ենք: Բայց այն անձինք, ովքեր այստեղ կրում են իրենց պատիժը, հանցագործություն են գործել, նրանք պետք է պատասխան տան արդարադատության առջև, և այդպես էլ եղավ»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Ընդգծենք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ գերիների ազատումը պարտադիր կատարման ենթակա միջազգային պահանջ է, այլ ոչ թե ադրբեջանական իշխանությունների «լավությունը»։
Հայաստանյան իշխանությունները միջազգային գործընկերների հետ հանդիպումներում պարբերաբար շեշտում են, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել հայ ռազմագերիներին՝ խախտելով ինչպես նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունը, այնպես էլ մի շարք միջազգային կոնվենցիաներ։
Նշենք՝ Քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ պատերազմի ավարտից հետո առ այսօր Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ, մինչդեռ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին՝ մայիսի 17-ին հղած նամակում ընդգծել է, որ Ադրբեջանում անհայտ պայմաններում 200-ից ավելի հայ ռազմագերիներ են պահվում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ակնկալում են, որ Ադրբեջանն օր առաջ կկատարի գերիներին վերադարձնելու իր գրավոր պարտավորությունը։