Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հուսով է, որ Ադրբեջանը և Հայաստանը կշարունակեն երկխոսությունը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո:
Այդ մասին գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Գլխավոր քարտուղարի գրասենյակի կողմից երկուշաբթի օրը տարածված հայտարարությանը։
«Գլխավոր քարտուղարը ողջունում է նախարարների անմիջական երկխոսության վերականգնումը Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտությունից մեկ տարի անց և հույս ունի, որ այդ ջանքերը կշարունակվեն և կդառնան ավելի լայն երկխոսության մաս` լուծելու առկա խնդիրները և կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի (ԱԳ) նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։