Հայաստանում բացվել է առաջին մանկական պալիատիվ (ամոքիչ) խնամքի կլինիկան՝ ՀՀ առողջապահության նախարարության պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում։
Մանկական պալիատիվ բժշկական օգնությունը կյանքը սահմանափակող հիվանդություններով երեխաներին բազմամասնագիտական թիմային ծառայությունների տրամադրումն է՝ շաբաթը 7 օր 24 ժամ սկզբունքով, որն ուղղված է հնարավորինս բարելավելու պացիենտի և նրա ընտանիքի անդամների կյանքի որակը:
Առողջապահական գերատեսչությունից հայտնում են, որ կլինիկան, որի բացման արարողությունը մասնակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ապահովված է համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով` վերապատրաստված բժիշկներ, հոգեբաններ, բուժքույրեր:
Բաժանմունքը նախատեսված է 5 մահճակալի համար:
«Շատ հուզիչ առիթ է: Նման կլինիկայի առկայությունը կարևոր է:Ակնհայտ է այն հոգին ու սերը, որ ներդրվել է բաժանմունքը ստեղծելիս, որպեսզի երեխաները մի պահ կտրվեն իրենց հիվանդությունից և շարունակեն խաղալ, սեր ու հոգատարություն զգալ»,-բացման խոսքում ասել է առողջապահության նախարարը՝ նշելով, որ չնայած ամեն բան արվում է երեխաների առողջ մանկությունն ապահովելու համար, լինում են բացառիկ դեպքեր, երբ բժիշկներն անգամ անզոր են, իսկ նման դեպքերում, նրա խոսքով, կարևոր է, որ երեխաները լինեն շրջապատված սիրով և հոգատարությամբ, առանց ցավի, ընտանեկան միջավայրում:
Անահիտ Ավանեսյանն Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի, Տավուշի թեմի առաջնորդ, «City Of Smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և «City Of Smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի հետ շրջել է պալիատիվ բժշկական օգնության բաժանմունքում, ծանոթացել երեխաների խնամքի համար ստեղծված պայմաններին:
Միջոցառման վերջում ներկաները նշել են, թեև նման բաժանմունք ունենալը կարևոր է, այնուամենայնիվ, հույս ունեն` երեխաների համար նախատեսված մահճակալներն ազատ կմնան:
Հաղորդվում է, որ կլինիկայի կառուցումը նախաձեռնել և ֆինանսավորել է «City Of Smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը։