Բրազիլիայից Հայաստան է տեղափոխել ստամոքսում պահած 300 հազար դոլարի կոկաին․ անձը կալանավորվել է - RadioVan.fm

Онлайн

Բրազիլիայից Հայաստան է տեղափոխել ստամոքսում պահած 300 հազար դոլարի կոկաին․ անձը կալանավորվել է

2021-09-28 14:59 , Право, 1316

Բրազիլիայից Հայաստան է տեղափոխել ստամոքսում պահած 300 հազար դոլարի կոկաին․ անձը կալանավորվել է

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական խոշոր դեպքը:

Մասնավորապես, մաքսանենգության դեմ պայքարի վարչություն օպերատիվ տեղեկություն է ստացվել այն մասին, որ հնարավոր է Սան-Պաուլո-Դոհա-Երևան ավիաչվերթով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանող ուղևորներից մեկը «կոկաին» տեսակի թմրամիջոց է տեղափոխում:

«Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում մաքսային հսկողության է ենթարկվել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացու ուղեբեռը, ինչից հետո որոշում է կայացվել կիրառել մաքսային հսկողության բացառիկ ձև` անձնական մաքսային զննում: Բրազիլիայի քաղաքացին Զվարթնոց օդանավակայանից տեղափոխվել է բժշկական հաստատություն:

Համակարգչային տոմոգրաֆիայի և հետագա բժշկական միջամտության արդյունքում պարզվել է, որ տվյալ քաղաքացին կուլ տալու և ստամոքսում պահելու եղանակով Բրազիլիայից Հայաստան մաքսանենգությամբ տեղափոխել է «կոկաին» տեսակի թմրանյութի պարունակությամբ 80 պատիճ` 746 գրամ ընդհանուր քաշով: Ի դեպ, Գ.Ռ.-ի ուղևորությունը Բրազիլիայից Հայաստան տևել է շուրջ 24 ժամ:

Հարկ է նշել, որ ստամոքսում պահելու եղանակով թմրանյութերի տեղափոխումը մեծ վտանգ է ներկայացնում փոխադրող անձի կյանքի համար` հաշվի առնելով, որ երկար թռիչքների ժամանակ առկա է պատիճներից թմրանյութի արտահոսք տեղի ունենալու վտանգ, որը գերդոզավորման պատճառով հանգեցնում է փոխադրող անձի մահվան»,- մանրամասնում են ՊԵԿ-ից՝ նշելով, որ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Բրազիլիայի քաղաքացին կալանավորվել է:

Իրականացվում է նախաքննություն:

Նշվում է, որ հայտնաբերված և առգրավված թմրանյութի արժեքը Հայաստանի սև շուկայում կազմում է շուրջ 300.000 ԱՄՆ դոլար:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից շարունակվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով:

Лента

Рекомендуем посмотреть