Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.
«Հայաստանը մեծապես կարևորում է Կիպրոսի հետ ընդհանուր քաղաքակրթական արժեքների, դարավոր բարեկամության և փոխադարձ շահերի վրա հիմնված հարաբերությունները։ Համոզված եմ, որ առկա է երկկողմ կապերի ամրապնդման հսկայական ներուժ, որը համատեղ ջանքերով կհամալրվի նոր գաղափարներով ու նախաձեռնություններով։
Լիահույս եմ, որ Հայաստանի և Կիպրոսի միջև ռազմավարական գործընկերությունն ու փոխըմբռնումը այսուհետ ևս կընդլայնվեն և կխորանան՝ ի շահ մեր ժողովուրդների:
Հայ-կիպրական փոխգործակցությանը մեծապես նպաստում են նաև Կիպրոսում բնակվող մեր հայրենակիցները, որոնք իրենց ներդրումն ունեն Կիպրոսի սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքում, ինչպես նաև անգնահատելի ավանդ՝ երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և զարգացման գործում»:
Մեկ այլ ուղերձով էլ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության 30-ամյակի առթիվ:
«Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ Թուրքմենստանը շարունակելու է առաջընթացի և բարգավաճման իր ուղին:
Հայաստանի և Թուրքմենստանի ժողովուրդների դարավոր կապերը և բարեկամության ջերմ ավանդույթները հաստատուն հիմք են մեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և առկա ներուժի լիարժեք իրացման համար:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի ապահովել Հայաստանի և Թուրքմենստանի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը»,-նշված է ՀՀ նախագահի՝ Թուքմենսատանի նախագահին հղած ուղերձում: