«Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ վիճարկելով առողջապահության նախարարի՝ հոկտեմբերից ուժի մեջ մտնող հրամանը - RadioVan.fm

Онлайн

«Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ վիճարկելով առողջապահության նախարարի՝ հոկտեմբերից ուժի մեջ մտնող հրամանը

2021-09-24 21:55 , Политика, 1594

«Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ վիճարկելով առողջապահության նախարարի՝ հոկտեմբերից ուժի մեջ մտնող հրամանը

«Հայաստան» դաշինքը հայտնում է, որ դիմել է Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ վիճարկելու առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի ընդունած և հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանը:

Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարարի 65-Ն հրամանում կատարված փոփոխության համաձայն՝ սույն թվականի հոկտեմբերի 1-ից աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Պահանջը չի վերաբերում ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողներին, հղիներին։

««Հայաստան» խմբակցությունը հաշվի առնելով հանրային արձագանքը, ինչպես նաև հերթական անգամ օբյեկտիվ քննադատությունն անտեսելու իշխանական վարքագիծը, այսօր մուտքագրել է Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմում՝ վիճարկելով առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի ընդունած և հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանը, որով պատվաստումը վերածվում է անուղղակի պարտադրանքի, իսկ բոլոր աշխատողների վրա դրվում է անհամաչափ և ոչ իրավաչափ պարտականություն 14 օրը մեկ սեփական միջոցներով ՊՇՌ հետազոտում իրականացնել։ Ակնհայտ է, որ այս իշխանությունները հերթական անգամ ֆինանսական բեռը թողնում են հանրության վրա, այն պարագայում, որ միջազգային փորձում տարածված էր այն մոտեցումը, որ հետազոտման ծախսերը հոգում է հենց կառավարությունը:

Դիմումի հետ միաժամանակ ներկայացվել է միջնորդություն կասեցնել հրամանի գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը:Սահմանադրական դատարանում որպես դիմողի ներկայացուցիչ հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը»,-ասված է դաշինքի տարածած հաղորդագրությունում:

Հավելենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կայացած խորհրդակցությանը հանձնարարել է ապահովել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող պահանջի կիրարկումը:

Կառավարության այսօրվա նիստում էլ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՊՇՌ թեստի վճարովի լինելու հանգամանքին, չի համաձայնել կարծիքներին, թե այդկերպ մարդկանց համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր են սահմանվում:

«Մարդկանց համար ամենևին որևէ լրացուցիչ ֆինանսական ծախս չի սահմանվում, որովհետև մարդիկ այդ ծախսն անելու անհրաժեշտությունը և կարիքը չունեն, քանի որ պետությունը, կառավարությունը, հոգում է, որ այդ բոլոր մարդիկ, մեր սիրելի հայրենակիցները բացարձակապես անվճար ստանան պատվաստում»,-հայտարարել է նա:

Лента

Рекомендуем посмотреть