Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս 1 ծառայողի աճյուն:
Այդ մասին այսօր տարածած հաղորդագրությամբ հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ)՝ նշելով, որ նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Գերատեսչությունից, միաժամանակ, նշում են, որ որոնումներ այսօր չեն իրականացվել, իսկ առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին կտրամադրեն հավելյալ տեղեկություն։
Հիշեցնենք՝ երեկ հաղորդվել էր, որ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում, հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն՝ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից հայտնաբերված և տարհանվածների թիվը դարձնելով 1669։
Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված 1 աճյունը այդ թիվը հասցրեց 1670-ի։