Հիպոթեկային վարկի եկամտահարկի վերադարձման գործընթացը կպարզեցվի և կավտոմատացվի - RadioVan.fm

Онлайн

Հիպոթեկային վարկի եկամտահարկի վերադարձման գործընթացը կպարզեցվի և կավտոմատացվի

2021-09-24 19:04 , Политика, 771

Հիպոթեկային վարկի եկամտահարկի վերադարձման գործընթացը կպարզեցվի և կավտոմատացվի

Հիպոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման գործընթացն ավտոմատացնելու նպատակով կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, ըստ որի՝ նախատեսվում է հստակեցնել հիպոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման հետ կապված կարգավորումները։

Ներկայումս հիպոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձն իրականացվում է վարկառու ֆիզիկական անձանց կողմից թղթային եղանակով հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի վերադարձի մասին դիմումի, անհրաժեշտ փաստաթղթերի (տեղեկանքների) հիման վրա։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի վերադարձի համար հիպոթեկային վարկի վարկառու և համավարկառու հանդիսացող անձանց կողմից եկամտային հարկի վերադարձման մասին դիմումները ներկայացնում են բացառապես էլեկտրոնային եղանակով։

Որոշումն ուժի մեջ կմտնի 2022 թ. հունվարի 1-ից:

Ինչպես նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, երբ դիմում են առաջին անգամ եկամտային հարկի վերադարձման համար, ներկայացնում են անհրաժեշտ փաստաթղթերը՝ վարկային պայմանագիրը, սեփականության իրավունքը վկայող փաստաթուղթը և այլն:

«Դրանից հետո ամեն եռամսյակի արդյունքներով հաջորդ ամիս ներկայացնում են եկամտային հարկը վերադարձնելու դիմումներ, և դիմումների սպասարկումը գործող կարգավորումների համաձայն՝ այն տևում է 15 աշխատանքային օր: Արդյունքում՝ առաջանում են բազմաթիվ դժվարություններ և դժգոհություններ: Մենք փոխում ենք համակարգը: Առաջին անգամ դիմելու դեպքում կրկին նույն գործընթացն է լինելու՝ նույն փաստաթղթերն են ներկայացնելու, մեկ տարբերությամբ՝ 15 օրվա ընթացքում դիմողին տրամադրվելու է օգտանուն և գաղտնաբառ, որի միջոցով վերջինս անձնական գրասենյակ է ունենալու: Արդեն ամեն եռամսյակի արդյունքներով այդ անձնական գրասենյակում ինքաշխատ եղանակով 2 տվյալ է գեներացվելու՝ ԱՔՌԱ համակարգի միջոցով վարկի վճարված տոկոսների և վճարված եկամտահարկի վերաբերյալ: Ինքնաշխատ եղանակավ նաև դիմում է գեներացվելու, որը բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացվելու է հարկային մարմին: Եվ գործող 15 օրվա փոխարեն 3 աշխատանքային օրվա ընթացքում վճարված եկամտային հարկը վերադարձվելու է համապատասխան բանկային հաշվի վրա»,-մանրամասնել է ՊԵԿ նախագահը:

Лента

Рекомендуем посмотреть