Արցախում սեպտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին, հայտարարված է լռության րոպե - RadioVan.fm

Онлайн

Արցախում սեպտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին, հայտարարված է լռության րոպե

2021-09-24 16:32 , Общество, 1234

Արցախում սեպտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին, հայտարարված է լռության րոպե

Արցախի Հանրապետության պետական համապատասխան հանձնաժողովի որոշմամբ՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին հանրապետության ողջ տարածքում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի զոհերի:

Արցախի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ նույն օրը, ժամը 10:30-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի կողմից Արցախի Հանրապետության բոլոր գործող եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զավակների հոգիների խաղաղության համար։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման անցավ արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։

44 օր տևած թեժ մարտերից ու բազում կորուստներից հետո՝ 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին հայտարարություն, որը ուժի մեջ մտավ նոյեմբերի 10-ին։

Համաձայն հայտարարության՝ Ղարաբաղին հարակից յոթ շրջանները, Շուշի քաղաքը, ԼՂԻՄ կազմում ընդգրկված մի շարք բնակավայրեր հանձնվեցին Ադրբեջանի վերահսկողությանը։ Հայտարարության կետերից մեկով էլ՝ Ղարաբաղում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության գոտում է նաև Լաչինի միջանցքը՝ 5 կմ լայնությամբ, որն ապահովում է կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև։

2020-ի նոյեմբերի 13-ին մեկնարկեց անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման և փոխանակման գործընթացը, որն իրականացվում է հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախում գտնվող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ, որը բանակցող կողմ չի հանդիսանում։

2021 թվականի սեպտեմբերի 23-ի դրությամբ Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1669 աճյուն։

Պաշտոնական վերջին տվյալներով, որը օգոստոսի 26-ին հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում կառավարության հնգամյա ծրագրի քննարկման ընթացքում, 44-օրյա պատերազմում զոհվածների թիվը 3777 է, որոնցից 3702-ը զինվորական են, 75-ը՝ քաղաքացիական անձինք։ Փաշինյանն ընդգծել է, որ հրապարակում է այն թվերը, որոնք հաստատված են մահվան վկայականներով։

Лента

Рекомендуем посмотреть