Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հանգստի գոտու շինարարությունն արդեն ավարտական փուլում է:
«Մենք այս սքեյթ պարկին սպասել ենք մոտ ութ տարի, սրանով Հայաստանում սքեյթբորդինգը նոր էջ է բացելու նոր մակարդակի է հասնելու: Սա մեզ հնարավորություն կտա ունենալ մրցունակ սքեյթբորդինգ: Այստեղ կարող ենք արդեն կազմակերպել մրցումներ ոչ միայն Հայաստանի մասշտաբով, այլև ամբողջ աշխարհի, այսինքն՝ կարող ենք հյուրեր ընդունել»,- նշում է Հայաստանի սքեյթբորդինգի ֆեդերացիայի նախագահ Էմիլ Սարդարյանը:
Շուրջ 5000 քառակուսի մետր հանրային տարածքի բարեկարգման պատասխանատվությունն ստանձել է Ուկրաինայի հայերի միությունը: Ծրագրի մեկնարկը տրվել է նախորդ տարի՝ քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից նվիրատուի՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի հետ պայմանագրի կնքմամբ:
Տարածքում բուժկետ, սքեյթի վարձակալման կետ, հանրային սանհանգույց է լինելու։
Ընդգծվում է, որ կառուցապատումից հետո տարածքը կբարեկարգվի ազատ կանաչ գոտիներով՝ համալրելով դրանք յուրօրինակ լանդշաֆտային դիզայնով: Կկիրառվի էներգախնայող քաղաքականություն. կիրականացվի ընդհանուր տարածքի պարագծային լուսավորություն՝ ԼԵԴ համակարգի և արևային պանելների օգտագործմամբ:
Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանի փոխանցմամբ՝ տարածքից չշահագործվող և աղբավայրի վերածված 5 սրճարան է ապամոնտաժվել, զրոյական կետից ոռոգման ցանց, կոյուղագիծ, ջրագիծ, հոսանքի մալուխների տեղափոխություն է եղել, գազատարներն իջեցվել են հողի տակ և բետոնային հսկայական աշխատանքներ է իրականացվել:
«Սքեյթ քշում են ամեն տեղ, որտեղ հնարավոր է, դրա համար հարկավոր են հարթ, թեք տարածքներ, ինչպես նաև բեկված տարածքներ. փորձել ենք այստեղ ստանալ, բայց քանի որ առաջինն է, կտրուկ հատվածներ չենք կառուցել, որովհետև թող այս մարզաձևը դեռ ձևավորվի: Մոտեցել ենք որպես լանդշաֆտային դիզայնի, որ տեսքով էլ մեղմ լինի»,- նկատում է նախագծի ճարտարապետ Արմեն Շատվորյանը:
Օղակաձև զբոսայգին բաղկացած է նախագծային 6 հատվածներից: Ընդհանուր մակերեսը 31 հա է, որից 50-60 %-ը այս պահին «զբաղեցված» են տնտեսվարողների կողմից:
«Այգին հատված առ հատված հանրությանը վերադարձնելու քաղաքային իշխանության նախաձեռնությունն արդեն իրականություն է»,-ընդգծում են քաղաքապետարանից: