Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 30-րդ տարեդարձը։
Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին՝ Գերագույն Խորհրդի նիստում:
1991թ. սեպտեմբերի 21-ին ԽՍՀՄ-ից դուրս գալու հարցով Հայաստանի տարածքում անցկացված հանրաքվեի արդյունքներով մասնակցելու իրավունք ունեցող 2 056 758 քաղաքացիների 94.39%-ն «այո» ասաց անկախությանը։
Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:
Անկախության տոնի առիթով առավոտյան բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Կեսօրին նախագահի նստավայրում պարգևատրման արարողություն է։ Մայրաքաղաքի փողոցներում զինվորական քայլերթեր կիրականացվեն։
Անկախության օրվան նվիրված միջոցառումները կամփոփվեն ժամը 20-ին Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսված միջոցառմամբ։