Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈՒՆՀ) ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ և հայաստանյան առաջատար «Լիկվոր» դեղագործական ձեռնարկություն ՓԲԸ-ն հայտնում են կորոնավարակի դեմ «Սպուտնիկ Լայթ» ռուսաստանյան միաբաղադրիչ պատվաստանյութի առաջին խմբաքանակների արտադրության մասին:
Այդ մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Նշվում է, որ Հայաստանում արտադրված դեղամիջոցը նախնական շրջանում կօգտագործվի Հայաստանի բնակչությանը կորոնավարակի դեմ պատվաստելու համար։
Նախարարությունից շեշտում են նաև «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի հիմնական առավելությունների մասին.
-ցուցադրում է արձր անվտանգություն, արդյունավետություն և երկարաժամկետ բացասական հետևանքների բացակայություն,
-արդյունավետ է կորոնավարակի նոր տեսակների դեմ,
-«Սպուտնիկ Լայթ»-ը չի պահանջում պահեստավորման և լոգիստիկ հատուկ պայմաններ։
«ՌՈՒՆՀ-ի և Հայաստանում «Լիկվոր» դեղագործական ընկերության հետ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի համատեղ արտադրությունը կարևոր քայլ է մեր երկրում դեղագործական ոլորտի զարգացման գործում: Պետք է նշեմ, որ այս նախաձեռնությունը համավարակի դեմ պայքարի և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման ուղղությամբ երկու երկրների համագործակցության լավ օրինակ է»,-նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։