Ամփոփվել է Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի 40 կմ երկարությամբ ճանապարհահատվածում, սեպտեմբերի 19-ին անցկացված «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի արդյունքները։
Հաղթողներն են՝
18-35 տարեկան կանանց խումբ՝
1-ին տեղ - Անի Ավագյան
2-րդ տեղ - Նարե Ղարիբյան
3-րդ տեղ - Լիլիթ Հարությունյան
36 տարեկանից բարձր կանանց խումբ՝
1-ին տեղ - Սաթենիկ Մնացականյան
2-րդ տեղ - Ռուզաննա Հովասափյան
3-րդ տեղ - Արփինե Նավասարդյան
18-40 տարեկան տղամարդկանց խումբ՝
1-ին տեղ - Արա Սարգսյան
2-րդ տեղ - Սերգեյ Պողոսյան
3-րդ տեղ - Անանիա Ոսկանյան
41 տարեկանից բարձր տղամարդկանց խումբ՝
1-ին տեղ - Կարեն Բարսեղյան
2-րդ տեղ - Արտյոմ Գալստյան
3-րդ տեղ - Մարկ Մարտիրոսյան։
Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների համակարգող գերատեսչությունից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ) հայտնում են, որ 1-ին տեղ զբաղեցրած մասնակիցները ստացել են 1 մլն դրամ, 2-րդինը՝ 600 հազար, 3-րդ հորիզոնականում հայտնվածները 400 հազար դրամ, 4-րդ տեղը զբաղեցրածները՝ 150 հազար, 5-րդը՝ 100 հազար, 6-10-րդ տեղերը՝ 75 հազար, 11-20-րդ տեղեր զբաղեցրածները՝ 50 հազար դրամ։
Տարիքային խմբերում 1-3-րդ տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, մեդալներով։ Բացի դրանից՝ բոլոր մասնակիցները ստացել են մարզաշապիկներ և հավաստագրեր:
Մրցաշարը մեկնարկել է Շորժա համայնքից և անցկացվել մեկ փուլով՝ Շորժայից դեպի Սևանի թերակղզի (40 կմ), և չորս տարիքային խմբով`
• 18-35 տարեկան կանայք,
• 36 և բարձր տարիքի կանայք,
• 18-40 տարեկան տղամարդիկ,
• 41 և բարձր տարիքի տղամարդիկ։
Հեծանվավազքի արդյունքներն ամփոփվել են մրցման ավարտից հետո՝ ժամը 18։00-ին: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, պաշտոնատար այլ անձինք, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ, սպորտի սիրահարներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի փոխանցմամբ՝ մրցաշարին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել ՀՀ բոլոր մարզերի և Երևան քաղաքի շուրջ 350 քաղաքացիներ։ Մրցանակային հիմնադրամը կազմել է 15 մլն դրամ:
Մրցանակային տեղեր գրաված հեծանվորդների պարգևատրումն իրականացրել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը ողջունել և շնորհակալություն է հայտնել մասնակիցներին նախաձեռնությանն արձագանքելու համար: Վարչապետն ընդգծել է մրցաշարի կարևորությունը ոչ միայն մարզական, առողջ ապրելակերպը հանրահռչակելու, սեփական ուժերը փորձելու հնարավորությունների առումով, այլև որպես հարգանքի տուրք նահատակների հիշատակին. «Սա հարգանքի տուրք է մեր նահատակներին, որովհետև մենք ապրում ենք նրանց շնորհիվ: Եվ նրանց հիշատակի նկատմամբ ամենամեծ դրսևորումը պիտի լինի ապրող, զարգացող, խաղաղություն ապահոված Հայաստանի Հանրապետությունը: Պարտությունները պետք է վերափոխել հաղթանակների՝ ապագայի նկատմամբ լավատեսությունը նորոգելով, քայլ-քայլ սեփական ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելով»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մոտ 25.7 մլն դրամի շրջանակում Սևանում սեպտեմբերի 19-ին «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշար կանցկացվի, որի նպատակն է մասսայականացնել հեծանվային սպորտը և առողջ ապրելակերպը, ապահովել բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությունը և արմատավորել «Հեծանիվը որպես շրջակա միջավայրն աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարը։