«Ակնհայտ է՝ ինչ փոփոխությունների կարիք ունենք․․․Ցավոք, որոշ դեպքերում տեսանք նաև ուսուցչական այլ որակ»․ փոխնախարարը՝ ատեստավորման գործընթացի մասին - RadioVan.fm

Онлайн

«Ակնհայտ է՝ ինչ փոփոխությունների կարիք ունենք․․․Ցավոք, որոշ դեպքերում տեսանք նաև ուսուցչական այլ որակ»․ փոխնախարարը՝ ատեստավորման գործընթացի մասին

2021-09-20 15:23 , Политика, 1127

«Ակնհայտ է՝ ինչ փոփոխությունների կարիք ունենք․․․Ցավոք, որոշ դեպքերում տեսանք նաև ուսուցչական այլ որակ»․ փոխնախարարը՝ ատեստավորման գործընթացի մասին

«Արդեն իսկ ակնհայտ է, թե ինչ փոփոխությունների կարիք ունենք, որպեսզի այս գործիքը համալրի ուսուցչական քաղաքականության շարքը։ Ավելին՝ գործընթացը նախաձեռնված էր որպես փորձնական՝ հենց այդ հարցերին պատասխաններ գտնելու համար։ Առաջիկայում արդյունքները կամփոփենք, կվերլուծենք, քննարկումներ կունենանք մասնակից ուսուցիչների հետ՝ դիտարկումները հաշվի առնելու և հաջորդ տարիների ընթացքը պլանավորելու համար»-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 18-ին և 19-ին կազմակերպված ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին։ Նախարարի տեղեկացմամբ՝ առարկայական գիտելիքի ստուգման օրերը բնագիտական առարկաներից և հայոց լեզվից են եղել։

«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ուսուցիչներին, որ մասնակցում են այս գործընթացին՝ որպես մեր գործընկերների, օգնելով բարելավել գործիքը և գտնել դրա կիրառության ճիշտ ձևերը։ Նաև ուզում եմ նշել, որ այս ընթացքում հրաշալի ուսուցիչների եմ հանդիպել, որոնց տեսնելով մտածում եմ, որ մեր երեխաների համար բարեբախտություն է նման մարդկանց հետ շփվելը, նրանցից սովորելը։ Ցավոք, որոշ դեպքերում տեսանք նաև ուսուցչական այլ որակ։ Այն որակը, որ կուզեի երբեք չտեսնել մեր դպրոցներում, նաև որպես ծնող և քաղաքացի։ Խոսքը, ընդ որում, այս պահին առարկայական գիտելիքի մասին չէ, այլ վարվելակերպի և վարքականոնի։ Շատ կարևոր է, որ ամենքս մեր տեղում անհանդուրժող լինենք այդ որակի վարվելակերպի հանդեպ»,- գրել է Անդրեասյանը։

Հայտնել էինք, որ կամավոր ատեստավորմանը մասնակից ուսուցիչների թեստավորման գործընթացը տեղի կունենա աշնանը։ Այս տարի կամավոր ատեստավորման համար դիմելու հնարավորություն է տրվել 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ավելի վաղ հայտնել էր, որ ուսուցչի կամավոր ատեստավորման թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը` համապատասխան առարկայի ծրագրային նյութերի շրջանակում, ու որ՝ թեստեր կազմելու գործընթացում ներգրավված են բարձրագույն ուսումնական հաստատությունների և հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցչական համակազմի ներկայացուցիչներ:

Կամավոր մասնագիտական առարկայական գիտելիքների ստուգում անցած ուսուցիչները գործընթացի ավարտին 80 և ավելի միավոր հավաքելու դեպքում հավելավճար կստանան՝ աշխատավարձի 30-50 տոկոսի չափով:

Лента

Рекомендуем посмотреть