ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարելիք այցից առաջ սեպտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել, բայց դրա համար, շեշտել է նա, Հայաստանը պետք է դրական քայլեր կատարի:
«Զանգեզուրի միջանցքի բացվելը քաղաքական հարց է: Դրա բացումը դրական ներդրում կունենա հայ-ադրբեջանական հարաբերություններում դժվարությունների հաղթահարման գործում»,-ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Էրդողանը՝ շետելով, որ Վրաստանի վարչապետն իրեն փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանդիպում անցկացնելու առաջարկը:
«Բայց դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր կատարի: Եթե այս հանդիպումը կայանա, ապա Թուրքիան էլ դիվանագիտական հարաբերություններ կհաստատի»,-հայտարարել է նա։
Հիշեցնենք՝ օգոստոսի 27-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,անդրադառնալով տարածաշրջանային խաղաղության թեմային, հայտարարել էր, թե որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից, և իրենք այդ ազդակները կգնահատեն և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանեն։
Սեպտեմբերի 8-ի նիստում էլ, անդրադառնալով սահմանակից պետությունների հետ հարաբերությունների խորացման ու կարգավորման հնարավորություններին՝ հայտարարել է, որ Երևանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն է տեսնում և պատրաստ է դրան։