Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) համատեղ նիստին, որին տեղում կամ հեռավար ձևաչափով մասնակցել են երկու կազմակերպությունների անդամ-պետությունների ղեկավարները: Նիստի ընթացքում քննարկվել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակը:
Կառավարության լրատվության վարչության փոխանցմամբ՝ իր ելույթի սկզբում վարչապետ Փաշինյանը ողջունել է պետությունների և պատվիրակությունների ղեկավարներին և նշել.
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել բոլոր ներկաներին Շանհայի համագործակցության կազմակերպության 20- ամյակի կապակցությամբ:
Անցած տարիների ընթացքում ՇՀԿ-ն կայացավ որպես տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ոլորտում փոխգործակցության կարևոր հարթակ:
Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Տաջիկստանի նախագահին՝ մեծարգո Էմոմալի Ռահմոնին, ջերմ ընդունելության և այսօրվա հանդիպման կազմակերպման համար:
Մեր հանդիպումը տեղի է ունենում ժամանակահատվածում, երբ Աֆղանստանում արմատական փոփոխությունները երկրում բոլորովին նոր իրավիճակ են ստեղծել: Նրանց բնույթը զգալի ազդեցություն ունի ոչ միայն երկրում և տարածաշրջանում զարգացումների, այլև ամբողջ աշխարհում իրավիճակի և իրադարձությունների հետագա զարգացման վրա:
Մենք ուշադիր հետևում ենք Աֆղանստանում և նրա շուրջ զարգացումներին:
Ռազմական գործողությունների ավարտի, պետական պաշտոնյաների համընդհանուր համաներման, ներառական կոալիցիոն կառավարություն ստեղծելու մտադրությունների, իսլամական իրավական համակարգում կանանց իրավունքների հարգման և երկրում թմրամիջոցների արտադրությունն արմատախիլ անելու ցանկության մասին նախնական փուլում արված հայտարարությունները լավատեսությամբ ընդունվեցին միջազգային հանրության կողմից: Նման միջոցառումների արագ և լիարժեք իրականացումը կնպաստեր երկրում խաղաղության, կարգուկանոնի և կայունության հաստատմանը:
Սակայն ստիպված ենք արձանագրել, որ այս փուլում այդ մտադրությունները դեռևս կոնկրետ արտացոլում չեն գտել թալիբների ձեռնարկած քայլերում:
Վստահ ենք, որ Աֆղանստանում իրավիճակի երկարաժամկետ կարգավորման երաշխիքն արդար քաղաքական գործընթացն է` բոլոր աֆղանցիների ներգրավմամբ և երկրում բոլոր էթնիկ և կրոնական համայնքների ներկայացվածությամբ:
Դրա համար խիստ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեն և վերահաստատեն իրենց` տարաձայնությունները բացառապես երկխոսության և բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը:
Որպես ՀԱՊԿ անդամ երկիր, մենք ցանկանում էինք, որպեսզի ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ողջ պարագծում՝ հավաքական անվտանգության բոլոր շրջաններում խաղաղությունն ու հանգստությունը տիրեր:
Հայաստանը խիստ շահագրգռված է ՀԱՊԿ և ՇՀԿ տարածաշրջաններում միջազգային ահաբեկչության սպառնալիքի արդյունավետ զսպմամբ: Պատեհ պահին համարժեք արձագանքի բացակայության դեպքում դա կարող է հանգեցնել իրավիճակի հետագա արմատականացմանը և ահաբեկչական ցանցերի՝ հարևան երկրներ և հատկապես հակամարտության գոտիներ ներթափանցմանը:
Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն ու ծայրահեղականությունն իրենց բոլոր ձևերով և դրսևորումներով: Հատկապես անընդունելի է առանձին երկրների կողմից ահաբեկչական կազմավորումների օգտագործումը՝ որոշակի ռազմաքաղաքական նպատակների հասնելու համար:
Այս առումով ավելի սերտ երկխոսության և փոխգործակցության կոչ ենք անում, առաջին հերթին՝ իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների մակարդակով՝ տեղեկատվության և փորձի փոխանակման, ինչպես նաև մեր Կազմակերպության գործող մեխանիզմների շրջանակներում ահաբեկչության սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ արդյունավետ համատեղ գործողությունների իրականացման նպատակով։
Շնորհակալություն ուշադրության համար»։