Պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:
Այդ մասին իրազեկում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարարի 65-Ն հրամանում կատարված փոփոխությանն, ըստ որի՝ սույն թվականի հոկտեմբերի 1-ից աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։
Պահանջը չի վերաբերում ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողներին, հղիներին։
Տեսչական մարմնից ընդգծում են՝ սահմանված նորմերը չպահպանելու դեպքում պատասխանատվություն է կրում տնտեսավարողը` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով։
Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ լրագրողների հետ զրույցում ընդգծել էր, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող Covid-19-ի կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոնյաների վրա։ Նա վստահեցրել էր, որ պետական ապարատի աշխատակիցները, առաջին հերթին քաղաքական պաշտոն զբաղեցնողները, առանց հոկտեմբերի 1-ին սպասելու, արդեն 2-3 ամիս է՝ ակտիվ պատվաստվում են, և պետական ապարատը, առաջնորդությունը վերցնելով, առանց հարկադրանքի որևէ սպասելիքի, իր պատասխանատվության մասնաբաժինն իրականացրել է: