44-օրյայում զոհվածների հարազատները խորհրդատու կաշխատեն պատերազմի մասնակիցների ընտանիքների համար. Մարությանը հանդիպել է նրանց - RadioVan.fm

Онлайн

44-օրյայում զոհվածների հարազատները խորհրդատու կաշխատեն պատերազմի մասնակիցների ընտանիքների համար. Մարությանը հանդիպել է նրանց

2021-09-16 18:40 , Общество, 1367

44-օրյայում զոհվածների հարազատները խորհրդատու կաշխատեն պատերազմի մասնակիցների ընտանիքների համար. Մարությանը հանդիպել է նրանց

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերն ու կանայք Երևանի վարչական շրջանների սոցիալական աշխատողների հետ միասին հավասարապես խորհրդատու կաշխատեն պատերազմի մասնակիցների ընտանիքների հետ:

Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ՝ «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն» ՀԿ-ի հետ դեռևս մայիսին նշված խմբերի համար կազմակերպվել է հատուկ սեմինար: Ծրագրում ընդգրկված շուրջ 60 մասնակիցներից դասընթացները հաջողությամբ ավարտել են 13-ը, որոնց հավաստագրերը հանձնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Շնորհակալ եմ, որ կարողացել եք ուժ գտնել ձեր մեջ և որոշել եք օգնել նույն ցավն ապրած ընտանիքներին: Մենք բոլորս մեծ պարտք ունենք ձեր առջև և այդ պարտքը ոչ թե հայրենասիրական վեհ խոսքեր ասելով՝ այլ այդպես ապրելով ու գործելով պետք է մեր ողջ կյանքի ընթացքում մարենք: Դա, իհարկե, ամենաքիչն է, ինչ կարող ենք անել ձեզ համար: Վստահ եղեք, որ ձեր օգնությունը շատ մեծ է լինելու այդ դժոխքի միջով անցած ընտանիքներին»,- ընդգծել է քաղաքապետը:

Քաղաքապետարանից մանրամասնում են, որ փորձնական այս ծրագիրն իրականացվել է երեք փուլով: Նախ՝ համայնքի նախաձեռնությանը միացած զոհված զինծառայողների հարազատները մասնակցել են Ռեքավերի քոլեջի հոգեբանական աջակցության հավասար խորհրդատուի տեսագործնական վերապատրաստման դասընթացներին։ Ծրագրի 2-րդ փուլում թիրախային խմբի հետ միասին արդեն մեկնարկել են դասընթացներ՝ վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինների աշխատակիցների համար: Արդեն 3-րդ փուլում փաստացի գործունեությամբ պատերազմից տուժած ընտանիքներին հոգեբանական աջակցություն կտրամադրեն:

«Մտածեցինք և հասկացանք, որ միգուցե այն մարդիկ, ովքեր օգնության կարիք ունեն հենց իրենք կարող են մեզ օգնել այդ գործում: Եվ այդ մտահաղացումը եղավ, որ հավասարապես խորհրդատուներ լինեն: Իրենք շատ ուժեղ են, մենք հասել ենք այն վիճակին, որ ոչ ոքի չէին ցանկանում լսել, փակվել էին, բայց հիմա իրենք են ուզում լսել, ուզում են օգնել, իրենք են գաղափարներ տալիս մեզ ու, ամենակարևորը, վստահեցին համայնքին: Մենք այդ վստահությունը չպետք է կորցնենք»,- նշել է Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը:

«Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ նախագահ, Ռեքավերի քոլեջի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանն ընդգծել է, որ մեծ պատիվ է նման ուժեղ մարդկանց ծրագրում ընդգրկելը և, այժմ ավելի արդյունավետ հոգեբանական աջակցություն կցուցաբերվի բոլոր կարիք ունեցողներին։

Ծրագրի մասնակից զոհված զինծառայողների մայրերն ու կանայք ընդգծել են, որ հանուն իրենց երեխաների շարունակելու են ապրել, որ ապրեցնեն։

Лента

Рекомендуем посмотреть