Երևանի 50 դպրոց կտեսակավորի թափոնները, ամենաշատը հավաքողը տարեվերջին կպարգևատրվի - RadioVan.fm

Онлайн

Երևանի 50 դպրոց կտեսակավորի թափոնները, ամենաշատը հավաքողը տարեվերջին կպարգևատրվի

2021-09-16 18:38 , Общество, 1241

Երևանի 50 դպրոց կտեսակավորի թափոնները, ամենաշատը հավաքողը տարեվերջին կպարգևատրվի

Երևանի հանրակրթական 50 դպրոցներում մեկնարկել է «Աշխարհն առանց թափոնների» ծրագիրը․ աշակերտներն ու ուսուցիչները կառանձնացնեն թուղթն ու պլաստիկը և կհանձնեն վերամշակման:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ծրագիրն իրականացվում է «Այ Էս Էս Դի» hամայնքների կայուն զարգացման» նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության (ՀԿ) և «Կոկա-Կոլա» ընկերության ներկայացուցչության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։

«Այ Էս Էս Դի» համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ համահիմնադիր-նախագահ Մխիթար Ավետիսյանի փոխանցմամբ՝ ծրագրով նախատեսված են նաև դասընթացներ:

6-րդ դասարանցիների համար, օրինակ, մշակվել է բնապահպանական աշխատանքային ձեռնարկ։

«Կարևորելով թափոնների կառավարումը շրջանաձև տնտեսության շրջանակում՝ մենք, արդյունաբերական ոլորտի մյուս ներկայացուցիչների հետ, ցանկանում ենք ստեղծել այնպիսի համակարգ, որում յուրաքանչյուր շիշ կարող է վերամշակվել մի քանի անգամ: Այդ առումով մեր պարտքն ենք համարում այս կարևոր ծրագրով բարձրացնել մեր հասարակության իրազեկվածությունը»,-ասել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» հասարակական կապերի և հաղորդակցության տնօրեն Էլինա Մարկարյանը:

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանի համոզմամբ՝ թափոնների տեսակավորումը կարևորվում է ոչ միայն Երևանի, այլ ողջ հանրապետության համար, քանի որ այդպիսով կանխվում է շրջակա միջավայրի աղտոտումը։

Տեղեկացվում է, որ դպրոցներում արդեն տեղադրվել է տեսակավորման ավելի քան 200 թափոնաման: Կազմակերպիչները վստահ են՝ կրթական այս ծրագիրը ոչ միայն կնպաստի Երևանում թափոնների տեսակավորման գործելակերպի ձևավորմանը, այլև լավ օրինակ կդառնա մյուս համայնքների համար:

«Աշխարհն առանց թափոնների» բնապահպանական կարևոր նախաձեռնությունն աշակերտների շրջանում ավելի հետաքրքիր դարձնելու համար տարեվերջին ամենից շատ թափոններ հավաքած դպրոցը կամ դպրոցները կխրախուսվեն ու կպարգևատրվեն:

Лента

Рекомендуем посмотреть