Սասուն Խաչատրյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ - RadioVan.fm

Онлайн

Սասուն Խաչատրյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

2021-09-16 18:27 , Политика, 974

Սասուն Խաչատրյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Կառավարությունը որոշումներ է ընդունել Սասուն Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետի պաշտոնից ազատելու և 6 տարի ժամկետով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակելու մասին:

«Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2021թ. հուլիսի 1-ի թիվ 1055-Ա հրամանով ձևավորվել էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար մրցութային խորհուրդ: Մրցույթը հայտարարելուց հետո մասնակցության համար հայտ ներկայացրել էր 3 դիմորդ՝ Սասուն Խաչատրյանը, Գառնիկ Թորոսյանը և Գեղամ Մկրտումյանը: Ս.թ. սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար հայտարարված մրցույթը, որտեղ առավելագույն միավորներ է հավաքել Սասուն Խաչատրյանը: «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի և 19-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Կառավարությունը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ հարցը քննարկում և համապատասխան որոշում է կայացնում՝ խորհրդի կողմից թեկնածուներին ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվել է Սասուն Խաչատրյանի թեկնածությունը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում»,-ընտրության ընթացակարգի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ սա կարևոր քայլ է կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ճանապարհին։

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ հավելել է, որ, հաշվի առնելով, որ տարբեր մարմիններ զբաղվել են հակակոռուպցիոն բացահայտման աշխատանքներով, այժմ ստեղծում են մեկ միասնական մարմին:

Նա վստահություն է հայտնել, ստեղծվող մարմինը կատարվող աշխատանքներն առավել արդյունավետ է դարձնելու:

Հակակոռուպցիոն կոմիտեի նորանշանակ նախագահ Սասուն Խաչատրյանը նշել է, որ կառույցը լինելու է մասնագիտացված քննչական մարմին, նաև օպերատիվ-հետախուզական գործառույթներով՝ համոզմունք հայտնելով, որ մասնագիտացումը կնպաստի կոռուպցիոն հանցագործությունների քննության ու բացահայտման արդյունավետության բարձրացմանը:

Նրա խոսքով՝ կառույցն սկսելու է գործել առավելագույնը 1 ամիս և 6 օր անց, ինչը նախատեսված է անցումային դրույթներով: Այս ընթացքում 20 քննիչ կնշանակվի, իսկ ամբողջ ծավալով, այդ թվում նաև՝ օպերատիվ ստորաբաժանումը, Հակակոռուպցիոն կոմիտեն կսկսի գործել 2022թ. սկզբից: 2022թ. նախատեսվում է նաև կառույցի համար ստեղծել տարածքային մարմիններ:

Հիշեցնենք՝ Սասուն Խաչատրյանը ՀՔԾ պետի պաշտոնում աշխատում էր 2018-ի հունիսից։

Лента

Рекомендуем посмотреть