Կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) «Դելտա» շտամով պայմանավորված՝ Հայաստանում ունենք մահացության, ծայրահեղ ծանր ու ծանր ընթացքի ավելացում:
Այդ մասին կառավարության այսօրվա նիստում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշել է, որ այս պահին ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը, իսկ վերակենդանացման 319 մահճակալից զբաղված է 289-ը:
Հիվանդանոցային զբաղվածության 97-98%-ը, ըստ նախարարի, կազմում են այն քաղաքացիները, ովքեր պատվաստված չեն կամ ամբողջական պատվաստում չեն ստացել։
Նախարարի համոզմամբ՝ համավարակը հաղթահարելու գերխնդիրը ծանր, ծայրահեղ ծանր, մահվան դեպքերը հնարավորինս նվազեցնելն է:
Կորոնավիրուսային իրավիճակի առնչությամբ քննարկման մանրամասները՝ տեսանյութում։
Նշենք՝ Հայաստանում անցած մեկ օրում կատարված 6049 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 764 նոր դեպք, ունենք 506 առողջացած, մահվան՝ 19 դեպք, ևս 2 մահ էլ արձանագրվել է այլ հիվանդության պատճառով, թեև պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ։
Այդպիսով՝ 2020 թվականի մարտի 1-ից առ այսօր՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ը, ժամը 11:00-ը, հանրապետությունում կորոնավարակակիրների թիվը հասել է 251 323-ի, որոնցից 234 416-ը` առողջացած, 5075-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսով վարակված 1183 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10649 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1 633 587 թեստավորում: