Մեկնարկել է Սլովակիայի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իվան Կորչոկի պաշտոնական այցը Երևան: ՀՀ ԱԳ նախարարի ուղեկցությամբ Կորչոկն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այնուհետ տեղի է ունեցել Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարների հանդիպումը ընդլայնված կազմով, որին հաջորդել է համատեղ մամուլի հայտարարությունը։ Արարատ Միրզոյանը ողջունելով Սլովակիայի իր պաշտոնակցի այցը Երևան, նշել է, որ առկա բարձր մակարդակով տարվող քաղաքական երկխոսությունից զատ դեռևս չիրացված հսկայական ներուժ կա։
«Մասնավորապես` անելիքներ և միասնական ջանքեր ունենք գործադրելու, որպեսզի համատեղ ծրագրեր իրականացնենք էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կանաչ էներգետիկայի զարգացման, ինչպես նաև մշակույթի և գիտության ուղղություններով: Նախանշել ենք նաև կոնկրետ միջոցառումներ, որոնք առաջիկայում կիրականացնենք համատեղ ջանքերով»,-ասել է Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ նա Հայաստանի Հանրապետության երախտագիտությունն է հայտնել Սլովակիային և Սլովակիայի ժողովրդին ինչպես համավարակի ընթացքում մեր երկրին ցուցաբերած աջակցության համար, այնպես էլ՝ արցախյան վերջին պատերազմի օրերին և դրանից հետո Սլովակիայի որդեգրած դիրքորոշման համար․ և սա վերաբերում է և՛ գործադիր իշխանության դիրքորոշմանը, և՛ Սլովակիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևերին:
Արարատ Միրզոյանի փոխանցմամբ՝ ընդլայնված կազմով նիստին հանգամանալից կերպով անդրադարձ է կատարվել մեր տարածաշրջանում տիրող իրավիճակին, խոսել են Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի, ինչպես նաև ագրեսիայի օրերին թույլ տրված հանցագործությունների մասին:
«Խոսել ենք եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի կողմից հայտարարության դրույթների չկատարման, մասնավորապես՝ առաջին հերթին, հայ ռազմագերիների և բռնի պահվող քաղաքացիական անձանց չվերադարձնելու մասին:
Խոսել ենք մշակութային ժառանգության պահպանման հարցերի շուրջ, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող լարվածության և
Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցելու մասին։ Խոսել ենք, ընդհանրապես, բոլոր առկա խնդիրների՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծման անհրաժեշտության վերաբերյալ, մասնավորապես՝ մատնանշել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ խաղաղ բանակցությունների շարունակության անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,-արտգործնախարարների ընդլայնված կազմով նիստից մանրամասներ է հայտնել Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ ՀՀ-Սլովակիա հարաբերություններին որակական նոր լիցք հաղորդելու նպատակով այսօր Հայաստան է ժամանելու Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկը։