Ռուս խաղաղապահներն Արցախի 300 դպրոցականի խմելու ջուր են հասցրել․ ՌԴ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Ռուս խաղաղապահներն Արցախի 300 դպրոցականի խմելու ջուր են հասցրել․ ՌԴ ՊՆ

2021-09-13 14:25 , Общество, 1207

Ռուս խաղաղապահներն Արցախի 300 դպրոցականի խմելու ջուր են հասցրել․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության (ՌԴ ՊՆ) հաղորդմամբ՝ Արցախում խաղաղապահ առաքելությամբ գտնվող ռուս զինծառայողներն առաջին անգամ մարդասիրական ակցիա են անցկացրել՝ տեղի 300 դպրոցականի խմելու ջրով ապահովելու առումով:

Նշվում է, որ ակցիան անցկացվել է «Մերսի» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, բարերարների խնդրանքով ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ռազմական տրանսպորտով Հայաստանից նախօրեին բեռը հասցրել են Արցախ:

Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովն ասել է, որ պլաստիկե տարաներով հումանիտար գույք են բեռնել՝ դպրոցների, հեռավոր բնակավայրերի մանկատների անխափան ջրամատակարարումը ապահովելու նպատակով, ու, որ արդեն իսկ որոշված են, թե որ հաստատություններ պետք է դրանք տեղափոխվեն։

Ըստ այդմ՝ խմելաջրի կուտակման համար Ասկերանի շրջանի Այգեստան, Հովսեփավան և Դաշուշեն բնակավայրերի դպրոցներին հանձնվել է 3 և 5 տոննա տարողությամբ տարաներ, որոնք տեղադրումից հետո ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ ջրատարների օգնությամբ անմիջապես լցվել են ջրով։

«Մեր դպրոցը ծանր վիճակում է սեպտեմբերի 1-ից և ամռանը մենք ջուր չունեինք և դա շատ դժվար է: Աշակերտները ստիպված են իրենց հետ ջրի շշեր վերցնել: Մենք նման վիճակ երբեք չենք ունեցել, այս տարի ենք հայտնվել նման բարդ իրավիճակում: Մենք շնորհակալ ենք ռուս խաղաղապահներին մեզ օգնելու համար: Հիմա նրանք տեղադրել են 5 տոննա տարողունակությամբ ջրի մեծ բաք, սա փրկություն է: Մենք կկարողանանք երեխաներին, ուսուցիչներին և աշխատողներին ապահովել խմելու ջրով: Շատ շնորհակալություն ռուս խաղաղապահներին, ռուսական փառահեղ բանակին, որ Արցախում ամենուր օգնում են ինչպես դպրոցներին, այնպես էլ գյուղերի և քաղաքների խաղաղ բնակիչներին: Սա առաջին անգամը չէ, ես դա տեսել եմ քաղաքում, և մենք բոլորս գիտենք, որ խաղաղապահներն օգնում են Արցախի ժողովրդին, շատ շնորհակալ ենք»,-ասել է Այգեստանի միջնակարգ դպրոցի տնօրեն Դավիթ Մկրտչյանը:

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ խմելու ջրի պահեստավորման 14 տարա կփոխանցվի Արցախի մանկապարտեզներին և դպրոցներին, որոնց մի մասը շփման գծի հարևանությամբ է։

Հավելենք՝ վերջին երկու շաբաթում էլ ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար կենտրոնի զինծառայողները ավելի քան 30 շրջայց են իրականացրել՝ Ստեփանակերտի 1500 բնակչի 200 տոննայից ավելի խմելու ջուր հասցնելով։

Նշենք՝ Ստեփանակերտի, ինչպես նաև Ասկերանի շրջանի մի շարք համայնքների բնակիչներին երաշտի պայմաններում շուրջօրյա խմելու ջրով ապահովելու նպատակով մեկնարկել է Պատարա գետը Արցախի մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգին միացնող խողովակաշարի կառուցումը։ Օգոստոսի 16-ին, հիշեցնենք, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փաստել էր, որ եղանակային անոմալ պայմանները, մասնավորապես՝ տեղումների աննախադեպ պակասը և, զուգահեռաբար, պատերազմի հետևանքով մայրաքաղաքի բնակչության թվի աճը մոտ 30 տոկոսով (Ստեփանակերտի բնակչությունը ներկայումս կազմում է ավելի քան 60 հազար մարդ) ջրամատակարարման հարցում կրիտիկական վիճակ են ստեղծել: Նա վստահեցրել էր, որ ստեփանակերտցիներնը հաջորդ տարվանից այլևս խմելու ջրի խնդիր չեն ունենա:

Лента

Рекомендуем посмотреть