Ազոխից, Դրախտիկից, Քարին տակից և Ավետարանոցից տեղահանվածների համար կկառուցվի շուրջ 650 առանձնատուն - RadioVan.fm

Онлайн

Ազոխից, Դրախտիկից, Քարին տակից և Ավետարանոցից տեղահանվածների համար կկառուցվի շուրջ 650 առանձնատուն

2021-09-10 14:42 , Политика, 875

Ազոխից, Դրախտիկից, Քարին տակից և Ավետարանոցից տեղահանվածների համար կկառուցվի շուրջ 650 առանձնատուն

Ասկերանի շրջանի Այգեստան և Նորագյուղ համայնքների վարչական տարածքներում կառուցվում են առանձին բնակավայրեր՝ նախատեսված 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանի Ազոխ և Դրախտիկ, Շուշիի շրջանի Քարին տակ, Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքներից տեղահանված բնակիչների համար։ Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, այցելել է այդ համայնքներ։

Բնակավայրերի շինարարությունն իրականացվում է ԱՀ կառավարությանը ՀՀ կառավարության կողմից հատկացված ֆինանսական միջոցներով։

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը հետևել է շինարարության մեկնարկին, տվել համապատասխան հանձնարարականներ։

Ընդգծվում է, որ շուրջ 650 առանձնատուն ունեցող բնակելի թաղամասերն ապահովված կլինեն բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Առաջին բնակարանները պատրաստ կլինեն արդեն 2022 թվականին, իսկ շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականին։

Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով տեղահանված բոլոր ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը գտնվում է պետության հատուկ ուշադրության կենտրոնում, և կառավարությունը ջանքեր չի խնայելու առավելագույնս կարճ ժամանակահատվածում այդ հարցին լուծում տալու ուղղությամբ։

Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ պետությունն աջակցելու է նաև տեղահանված ընտանիքներին տնտեսական գործունեություն ծավալելու և սեփական եկամուտն ապահովելու հարցում։

Лента

Рекомендуем посмотреть