Էրդողանը բարձրացնելու է Թուրքիայում մահապատժի վերականգնման հարցը - RadioVan.fm

Онлайн

Էրդողանը բարձրացնելու է Թուրքիայում մահապատժի վերականգնման հարցը

2017-04-17 23:55 , Мир, 989

Էրդողանը բարձրացնելու է Թուրքիայում մահապատժի վերականգնման հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ՝ ապրիլի 16-ին կայացած հանրաքվեից հետո հայտարարել է երկրում մահապատժի վերականգնման հարցը կառավարության հետ քննարկելու պլանների մասին:

Ստամբուլում ունեցած ելույթի ժամանակ Էրդողանը վերահաստատել է համապատասխան քննարկումները վարչապետի և ընդդիմության առաջնորդի հետ անցկացնելու վերաբերյալ իր մտադրությունը:

Նշենք, որ մահապատիժը Թուրքիայում չեղարկվել էր 2002թ.՝ Եվրոպական միության անդամ դառնալու չափորոշիչներին համապատասխանելու նպատակով:

Թուրքիայում երեկ տեղի ունեցած պատմական սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքներով «այո»-ի օգտին է քվեարկել ընտրողների 51.32 տոկոսը, իսկ «ոչ»-ի օգտին՝ 48.68 տոկոսը:

Ուշագրավ է, որ երկրի խոշորագույն քաղաքները՝ Ստամբուլը, Անկարան և Իզմիրը դեմ են քվեարկել սահմանադրական փոփոխություններին։

Սահմանադրական փոփոխություններով էականորեն ընդլայնվում են նախագահի լիազորությունները. Թուրքիայի նախագահը լիազորություն է ստանում ուղղակիորեն նշանակել պետական կարևոր պաշտոնյաների՝ այդ թվում և նախարարներին: Նա իրավունք է ունենալու նշանակել մեկ կամ մի քանի փոխնախագահի: Նախագահը կարողանալու է միջամտել դատական համակարգին, նա է որոշելու հայտարարել արտակարգ դրություն, թե ոչ: Երկրի նախագահին, ով պաշտոնավարելու է 5 տարի ժամկետով, թույլատրվելու է լինել կուսակցական: Նախագահն է նշանակելու այլ երկրներում Թուրքիայի դեսպաններին և հետ կանչելու նրանց:

Մյուս փոփոխություններով՝ նախատեսվում է մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դարձնել 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի: Մեջլիսի և նախագահի ընտրություններն անցկացվելու են 5 տարին մեկ անգամ՝ միևնույն օրը:

Սահմանադրական փոփոխությունները, «այո»-ի հաղթանակի դեպքում, ուժի մեջ կմտնեն 2019 թվականից:

Лента

Рекомендуем посмотреть