«Մենք բոմժեր չենք․ ամեն անգամ ասում են Քաշաթաղ, Շուշի՝ բա Շահումյա՛նն ու՞ր ա, ապրել չի՞ ուզում»․ Շահումյանից տեղահանվածներն իրենց անտեսված են զգում - RadioVan.fm

Онлайн

«Մենք բոմժեր չենք․ ամեն անգամ ասում են Քաշաթաղ, Շուշի՝ բա Շահումյա՛նն ու՞ր ա, ապրել չի՞ ուզում»․ Շահումյանից տեղահանվածներն իրենց անտեսված են զգում

2021-09-09 19:12 , Общество, 1971

«Մենք բոմժեր չենք․ ամեն անգամ ասում են Քաշաթաղ, Շուշի՝ բա Շահումյա՛նն ու՞ր ա, ապրել չի՞ ուզում»․ Շահումյանից տեղահանվածներն իրենց անտեսված են զգում

Արցախի նախագահը հանդիպում է Հադրութի, Քաշաթաղի, Շուշիի բնակիչների հետ՝ Շահումյան չկա,տարբեր ծրագրեր են մշակում՝ Շահումյան չկա․ Շահումյանի շրջանից տեղահանվածներն այսօր կառավարության շենքի առջև էին, նշում են՝ մինչ այս սպասել են, որ կառավարությունը, պետությունը ոնց ստորագրել ու հանձնել է Քարվաճառը, նույն կերպ էլ իրենց խնդիրները կլուծի, սակայն ապարդյուն, իրենք դուրս են մնացել պետությանհոգացության շրջանակից:

Նշում են՝ իրենց էլ հաճելի չէ խնդիրների մասին բարձրաձայնելու այս եղանակը, սակայն լռելով էլ՝ անտեսվել են, դուրս են մնացել պետության հոգածության շրջանակից։

4 երեխաների հայր Նորայր Աստվածատրյանի խոսքով՝ իր երեխաները տեղից-տեղ, մի վարձով տնից մյուսը տեղափոխվելու հետևանքով արդեն 4 դպրոց են փոխել։

Աշխատանք գտնելը ևս խնդիր է։

«Գնում եմ, որ աշխատանքի ընդունվեմ, անձնագիրս բացում են 070 կոդը կամ Արցախի գրանցումը տեսնում են՝ ասում են՝ կներեք, Ձեզ չենք կարող ընդունել»,-ասում է Քարվաճառի 22 տարվա բնակիչ Նորայրը։

Դժվարին կացության մեջ հայտնված հազարավոր արցախցիներից է նաև Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղից տեղահանված 4 երեխաների մայր Աննա Ներսիսյանը։

«Ռադիո Վան»-ի հետ զրույցում Աննան ասաց, որ այս պահին բնակվում է Վարդենիկում գտնվող հայրական տանը, սակայն եղբայրը պահանջում է դուրս գալ։

«Ու՞ր վերցնեմ գնամ իմ էրեխեքին, ոչ աշխատանք կա, ախպերս էլ ասում ա քեզ տուն ճարի իմ տնից դուս արի»,-հուզմունքը խեղդելով՝ ասաց նա՝ ընդգծելով, որ իրենք էլ մարդ են, ապրել են ուզում։

«Մենք բոմժեր չենք, թող մեր տները տան, չէ՝ ստեղ ապահովեն։ Ամեն անգամ ասում են Քաշաթաղ, Շուշի՝ բա Շահումյա՛նն ու՞ր ա, ի՞նչ՝ Շահումյանն ապրել չի՞ ուզում, թե՞ բնակչություն չի ունեցել ընդհանրապես»,-հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հավելենք՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի, Հադրութի, Շահումյանի շրջանների տեղահանված բնակիչներն այսօր ՀՀ կառավարության շենքի առջև էին՝ իրենց կարգավիճակի ու բնակարանների խնդրի լուծման պահանջով։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть