Ցորի զորամասի Դ-20 հրետանային 1-ին դիվիզիոնի անհայտ կորած զինծառայողների ծնողների համոզմամբ՝ ռազմական դրության պայմաններում սպայական կազմի որոշ անդամների գործողությունների հետևանքով է, որ իրենց երեխաները 44-օրյա պատերազմում կա՛մ զոհվել են, կա՛մ անհետ կորել։ Մինչդեռ, իրենց դիմումների համաձայն հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրված միայն հրետանային դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանին, որն այս պահին կալանավորված է։
Որոնողական աշխատանքների արդյունքում դիվիզիոնի 21 անդամից միայն 9-ի մարմիններն են գտնվել, հուղարկավորվել, սակայն զինծառայող Արթուր Ասրյանի հոր՝ փոխգնդապետ Արմեն Ասրյանի խոսքով, իրենք հակառակորդի տարածած տեսագրություններում 15 զոհի մարմին են հաշվել, արդյունքում անհայտ կորած են համարվում 6-ը։ 4 հրամանատարներից երեքը փրկվել են, իսկ զորամասի հրետանու պետը՝ Նորայր Հայրապետյանը, այսօր էլ անհայտ կորած է։
Այսօր հրավիրված մամլո ասուլիսում դիվիզիոնի զինծառայողներ Ռուբեն Պողոսյանի քեռին՝ Եղիշե Զաքունցը, Արթուր Ասրյանի և Արտակ Միքայելյանի հայրերը՝ Արմեն Ասրյանն ու Ջիվան Միքայելյանն ընդգծել են՝ իրենց հարազատների մահվան կամ անհայտ կորելու համար մեղավոր է ոչ միայն հրետանային դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանը, ով, նրանց խոսքով, առաջինն է փախուսի դիմել, մինչդեռ պարտավոր էր ապահովել այդ ստորաբաժանումների կանոնավոր դուրս գալը, այլ նաև գնդապետ Գենադի Բաղդասարյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ներկայում ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Ջալալ Հարությունյանը, 1-ին մարտկոցի ավագ սպա Գոքորյանը։
Ծնողների պատմելով՝ մարտական գործողությունների մեկնարկին՝ դիվիզիոնը զորամասի կազմում զբաղեցրել է իր կիրառման շրջանը, որը գտնվել է Աղդամի ուղղությամբ, այնուհետև զբաղեցրել է իր հիմնական կրակային դիրքերը՝ Վազգենաշեն բնակավայրի շրջանում: Այնտեղից կատարել է իր մարտական գործողությունները մինչև հոկտեմբերի 5-ը: Հոկտեմբերի 5-ին խնդիր է ստացել երթ կատարել Հադրութի ուղղությամբ, որտեղ հայկական ստորաբաժանումները բավականին ծանր վիճակում են եղել: Դիվիզիոնը Հադրութի շրջանում զբաղեցրել է կրակային դիրք «Ջրաշխարհ» կոչվող տեղամասում, կահավորել կրակային դիրքը, սակայն վերադաս հրամանատարության կողմից պաշտպանության բանակի հրետանու բանակի ցուցումի համաձայն՝ առաջ են շարժվել դեպի Հադրութ քաղաք, որի «9-րդ կիլոմետր» կոչվող տեղամասում կրակային դիրք են զբաղեցրել:
Պարզվել է, որ այդ կրակային դիրքերը զբաղեցնում են հակահարված իրականացնելու համար։
Իր որդու մարմինը զոհվելուց 50 օր անց անճանաչելի վիճակում գտած Արմեն Ասրյանի կարծիքով` հակահարված իրականացնելու որոշում ընդունողները կոպիտ խախտում են իրականացնել, քանի որ հակահարվածի համար անհրաժեշտ է առնվազն երեք պայմանի ապահովում, որոնցից ոչ մեկը առկա չի եղել՝ հակառակորդը պետք է կանգնեցված լիներ, սակայն կանգնեցված չի եղել և շարունակել է իր առաջխաղացումը, հակառակորդը չպետք է ունենար մոտակա ռեզերվներ, հետագայում համոզվել են, որ ունեին ռեզերվներ, երրորդ՝ հայկական կողմը պետք է ունենար բավականին ռեզերվներ հակահարված իրականացնելու համար:
Արմեն Ասրյանի գնահատմամբ՝ փաստացի, բանակի ղեկավարությունը մարտի դաշտ է նետել իր վերջին ուժերը և գլխովին շարքից հանել։
Ասրյանի խոսքով՝ հակահարվածի ձախողումից հետո մի կերպ այդ դիվիզիոնը «9-րդ կիլոմետր» տեղանքից մազապուրծ կարողանում է դուրս պրծնել՝ այնտեղ թողնելով որոշակի տեխնիկա և գույք։
«Մի կերպ դուրս գալով՝ հետ են վերադառնում «Ջրաշխարհ» տեղամաս, որտեղ ունեին կրակային դիրքեր, սակայն հրամանատարությունը, հանձին բանակի հրետանու պետ Գենադի Բաղդասարյանի, ցուցում է տալիս, որ շատ են հետ գնացել, դեպի առջև ընտրեն կրակային դիրք, որպեսզի խնդիրներ կատարեն: Դիվիզիոնի հրամանատարը, այդ զորամասի հրետանու պետը ուսումնասիրում են տեղանքն ու կրակային դիրք են ընտրում Ջուվառկու կոչվող տեղամասում: Դա հոկտեմբերի 8-9 էր:
Կրակային դիրքը կահավորում են, զբաղեցնում կրակային դիրք, սկսում են խնդիրներ կատարել: Երկու օր թեժ մարտերի ընթացքում դիվիզիոնի 3-րդ մարտկոցը ԱԹՍ-ի կողմից խոցվում է:
Թույլտվություն վերցնելով բանակի հրետանու բաժնից՝ դիվիզիոնը հետ է նահաջում, նորից կրակային դիրք զբաղեցնում «Ջրաշխարհ» տեղամասում: Մի քանի ժամ անց կրկին գնդապետ Բաղդասարյանի կողմից ցուցում է տրվում՝ այդ ինչ եք արել, շատ եք հետ գնացել, առաջ գնացեք, այլ տեղ ընտրեք, բայց այդ ժամանակաշրջանում թեժ մարտեր էին ընթանում և այլ տեղ ընտրելն ու կահավորելը հնարավոր չէր: Բաց տարածությունում կրակային դիրք զբաղեցնելն առանց թաքստտոցների՝ հավասարազոր էր ինքնասպանության։
Դիվիզիոնը կրկին զբեղվում է «Ջուվառլու»-ի կրակային դիրքը, շարունակում կրակային խնդիրներ կատարել կրկին Հադրութի ուղղությամբ:
Արդեն մի պահ հեռահարությունը կրակելու 4,5-5 կմ էր կազմում, ինչը կարճ տարածություն է հատկապես այդ խառնաշփոթ պարագայում»,-մանրամասնել է Ա. Ասրյանը՝ նշելով, որ դիվիզիոնի հրամանատարությունը մի քանի անգամ խնդրել է բանակի հրետանուց իրենց կողմնորոշեն, նշեն, թե որտեղ է գտնվում հակառակորդը, քանի որ որևէ տվյալ չեն կարողացել ստանալ, զորամասը մասնատված է եղել, ինչը ևս, նա բանակի հրամանատարության «գեղեցիկ» ղեկավարման արդյունքն է համարում:
Ըստ նրա, կրակային խոցման խնդիրներ անմիջապես դիվիզիոնին տրվել է բունկերից:
«Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների» միության նախագահ Արմեն Ասրյանի պատմելով՝ հոկտեմբերի 12-ին երեկոյան մոտ դիվիզիոնի դիտակետը հեռու մատույցներում դիտարկում է ինչ-որ խմբի շարժ դեպի իրենց կողմը: Հրետանու պետ, փոխգնդապետ Հայրապետյանը զեկուցում է բանակի հրետանու պետին, որ դեպի իրենց ինչ-որ խմբի շարժ կա, ցանկանում են ճշտել պատկանելիությունը, ովքեր են նրանք, քանի որ այդ ժամանակահատվածում այնպիսի խառնաշփոթ էր, հակասական տեղեկատվություններ էին տարածվում մեր զորքի, հակառակորդի զորքի տեղակայման վերաբերյալ: Այդ ընթացքում դիվիզիոնի հրամանատարը չի սպասում պատասխանի ու հրամայում է կրակային դիրքերը թողնել: Այդ ընթացքում խորացված հրամանատարական կետից գալիս է հետևալը՝ այդ խումբը մերոնք են, նայեք չկրակեք: Դիվիզիոնի հրամանատարը կասկածում է, հրետանու պետից պահանջում է ևս մեկ անգամ ճշտել: Նույն պատասխանն են ստանում՝ «Նրանք մերոնք ենք»:
Հետագայում հանդիպելով Գենադի Բաղդասարյանի հետ, հարցնելով, թե որտեղից նրան այդ տեղեկությունը, Ասրյանը ստացել է պատասխան, որ, ստանալով այդ զեկույցը մարտական դիրքերից, Բաղդասարյանը զեկուցել է բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանին, ասելով, որ կա զորքի տեղաշարժ դեպի այդ դիվիզիոնի ուղղությունը, խնդրել է ճշտել ովքեր են: Նա էլ ասել է, թե մերոնք են, և Գենադի Բաղդասարյանը նույն հրամանը փոխանցել է հրետանու կառավարման կետ, այնտեղից էլ փոխանցվել է դիվիզիոնի հրամանատարությանը:
Դիվիզիոնի հրամանատարությունը երկրորդ անգամ լսելով, որ յուրայիններն են, թուլացրել է առաջ եկող խմբի նկատմամբ հսկողությունը, չի կրակել։ Հակառակորդը վերևի մասից է եկել ու սկսել է շատ մեծ կրակային ազդեցություն գործել առաջին մարտկոցի վրա, մինչդեռ երկրորդ մարտկոցը աջաթևյան կողմում է եղել, կարողացել է առանց որևէ մի խոչընդոտի դուրս գալ այտեղից ու նահանջել:
Դիվիզիոնի շտաբը պետը, ասուլիսին ներկա ծնողների խոսքով, գտնվել է երկու մատկոցների արանքում փլված տների ետևի մասում. «Երբ արդեն պարզ է դառնում, որ հակառակորդն է ու սկսվել է ինտենսիվ փոխհաձգություն, հրամայել էր՝ դուրս եկեք ով ինչպես կարողանում է: Այդ հրամանը լսելով՝ դիվիզիոնի շտաբի պետ մայոր Գևորգ Գևորգյանն անմիջապես իր զբաղեցրած տեղից փախուստի է դիմում, չի նահանջում: Նույնիսկ մեկ զինծառայող չի հասցնում նստել իր մեքենան, թողնում է այնտեղ: Նրան հաջողվում է դուրս գալ: Ասում է՝ իմացել է, թե բոլորը նստել են մեքենան: Մեզ այդպես է պատմել»:
Կատարվածի վերաբերյալ այլ մանրամասները՝ տեսանյութում։
Անհայտ կորած զինծառայողների հարազատները նշում են, որ պայքարելու են մինչև բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Վերջինների գործողությունները նրանք որակում են ոչ թե դավաճանական, միտում հետապնդող, այլև սխալ ղեկավարման հետևանք։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը