Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար,գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքվից Երևան է վերադարձրել երկու հայ զինծառայողների:
Այս մասին տեղեկանում ենք Արցախում ռուս խաղաղապահների թելեգրամյան էջից։
Գործընթացի շրջանակում ադրբեջանական կողմին է հանձնվել ադրբեջանական զինուժի ծառայող Ջամիլ Բաբաևը, ով օգոստոսի 25-ին հայտնաբերվել ու ձերբակալվել էր Արցախի Մարտակերտ քաղաքի տներից մեկում, նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ առերևույթ Արացախի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։
Ինչ վերաբերվում է վերադարձած 2 հայ գերիներին, ապա նրանք հուլիսի 14-ին Սև լճի տարածքից անհետացած զինվորականներն են՝ զինծառայող Արթուր Նալբանդյանն ու վարորդ Արամայիս Տոռոզյանը։
Պաշտպանության նախարարությունն այդ օրը հայտնել էր, որ լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ, որոնք անզեն են եղել։ Սկսվել էին որոնողական աշխատանքները, որոնք այդ պահի դրությամբ արդյունք չէին տվել: Ադրբեջանական կողմն էլ այս ընթացքում չէր հաստատել նրանց՝ այդ երկրի տարածքում գտնվելու փաստը։