44-օրյա պատերազմի օրերին 18 զինծառայողի զոհվելու դեպքով՝ փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը վաղը կկանգնի դատարանի առաջ - RadioVan.fm

Онлайн

44-օրյա պատերազմի օրերին 18 զինծառայողի զոհվելու դեպքով՝ փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը վաղը կկանգնի դատարանի առաջ

2021-09-06 17:40 , Право, 1356

44-օրյա պատերազմի օրերին 18 զինծառայողի զոհվելու դեպքով՝ փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը վաղը կկանգնի դատարանի առաջ

2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործեր արդեն դատարանում են։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ վաղը՝ սեպտեմբերի 7-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում տեղի կունենա 16 զինծառայողի և 2 սպաների զոհվելու դեպքի գործով դատավարությունը։

Մեղադրյալի աթոռին է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը։

Նահատակված զինծառայողները, մինչ պատերազմը, ծառայելիս են եղել Մեղրիի ու Ագարակի զորամասերում։ Պատերազմի սկսվելուն պես նրանց Արցախ են տարել։ Զինծառայողներից մեկի հայրը, իմանալով, որ որդուն տեղափոխում են Արցախ, իր ավտոմեքենայով մեկնել էնրա մոտ։ Հայրն ականատես է եղել, թե ինչպես են որդին ու ծառայակիցները զոհվում։

Ըստ դատախազության՝ հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից հրաման է ստացվել զորամասի անձնակազմը Հորադիզի շրջանից Տիլի գյուղ տեղափոխել։ Ճանապարհին՝ Իշխանաձորում, Անդրանիկ Վերանյանը նկատելով, որ վաշտի անձնակազմը տեղափոխող «Ուրալը» կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված դրա շրջակայքում, իր մոտ է հրավիրել հրամանատարին, ով հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) ձայն են լսել և ինքն էլ հրաման է տվել՝ ցրվել տարածքում ու պառկել գետնին։

Ըստ դատախազության հաղորդագրության՝ Անդրանիկ Վերանյանն անձամբ լսելով օդում գտնվող ԱԹՍ-ի ձայնը՝ հրամայել է անձնակազմին նստեցնել ավտոմեքենան և շարունակել երթը՝ նշելով, որ ԱԹՍ-ն ոչ թե նրանց, այլ հակաօդային պաշտպանության զորքերի խնդիրն է։

19 զինծառայողներ նստել են մեքենան ու շարժվել, որից 5 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է «Ուրալին», 18 զինծառայող զոհվել են, մեկը՝ մարմնական վնասված ստացել։

Զոհվածներից 20-ամյա զինծառայող Արտաշես Խալաթյանի հայրը՝ Հակոբ Խալաթյանը պնդում է՝ զինվորների մահվան պատճառը Վերանյանի հրամանն է եղել։

Նշենք՝ փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ռազմական դրության պայմաններում անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, որն անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ է առաջացրել:

Զոհվածի հոր՝ Հակոբ Խալաթյանի խոսքով՝ նյութական վնասն իրենց մեկնաբանվել է այսպես․ «Նյութական վնասը պատճառվել է բանակին. դրանք են՝ «Ուրալը, զենք-զինամթերքը, համազգեստները»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Անդրանիկ Վերանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը, որը հետո փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ։

Лента

Рекомендуем посмотреть