Ադրբեջանը և Ռուսաստանը քննարկում են լրացուցիչ իրավական մեխանիզմներ, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հետ:
Այդ մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ինչ վերաբերում է խաղաղապահների մանդատի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրերին և լրացուցիչ իրավական մեխանիզմներին, ապա այդ առումով կողմերի միջև եղել են նախնական շփումներ, և որոշակի քննարկումներ դեռ շարունակվում են»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Հաջիևը՝ ընդգծելով, որ Արցախում ռուս խաղաղապահների գործունեությունն ու գործողություններն իրականացվում են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն, որը ստորագրել են Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները:
«Ամբողջ Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, և համաձայն նոյեմբերի 10-ի հայտարարության՝ խաղաղապահ ուժերը ժամանակավորապես տեղակայվում են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի որոշակի հատվածում»,-շեշտել է Հաջիևը՝ հավելելով, որ ներկայումս «օկուպացիայից ազատված» բոլոր տարածքներում սկսվում են նոր վերակառուցման աշխատանքներ:
Հիշեցնենք՝ 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում Պուտին-Փաշինյան-Ալիև 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրած հայտարարության համաձայն՝ Արցախում տեղակայվել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը։
Ըստ հայտարարության 4-րդ կետի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն Կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: