«Էրեբունի» բժշկական կենտրոնից հայտնում են, որ Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով բուժկենտրոն է տեղափոխվել 16 քաղաքացի։
Հաղորդվում է, որ տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր։
Նշվում է, որ մյուսները հոսպիտալացվել են կենտրոնի տարբեր բաժանմունքներ, այդ թվում՝ վնասվածքաբանական, վիրաբուժական, նյարդավիրաբուժական՝ ախտորոշման և հետագա բուժօգնության նպատակով: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Հիշեցնենք՝ այսօր ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ) էր գրանցվել Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻՆ) հայտնել էին, որ Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է ծառին։ Վթարի հետևանքով 33 քաղաքացի հոսպտալացվել է տարբեր բուժկենտրոններ։