ՀՀ-ում սեպտեմբերի 15-ից եռամսյա նոր վարժանքներ կսկսվեն, կներգրավվի մինչև 869 քաղաքացի - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում սեպտեմբերի 15-ից եռամսյա նոր վարժանքներ կսկսվեն, կներգրավվի մինչև 869 քաղաքացի

2021-09-02 15:31 , Общество, 1282

ՀՀ-ում սեպտեմբերի 15-ից եռամսյա նոր վարժանքներ կսկսվեն, կներգրավվի մինչև 869 քաղաքացի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շրջանակում վարժական նոր եռամսյա հավաքներ հայտարարելու մասին որոշում է ընդունել։

Ըստ այդմ՝ վարժանքները կանցկացվեն 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը, որին կներգրավվեն պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները։

Գործադիրի հիմնավորմամբ՝ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

Նախագծի համաձայն՝ վարժական հավաքներին կմասնակցի, ընդհանուր առմամբ, մինչև 869 քաղաքացի, որոնցից 576-ը՝ շարքային, 107-ը՝ ենթասպայական կազմի, 186-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, ինչպես նաև ՀՀ զինված ուժերում իրականացվում են բարեփոխումներ (կառուցվածքային փոփոխություններ), անհրաժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստրվածության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ: Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի զինված ուժերում ունենանք մարտունակ ստորաբաժանումներ՝ համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով: Այս նպատակով ՀՀ զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմականհմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքներ ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով: Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ և հետագա տարիներին կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ»,-ասված է նախագծի՝ ընթացիկ իրավիճակին և խնդիրներին վերաբերվող բաժնում:

Հիշեցնենք՝ Հայաստանում այս պահին էլ ընթանում են եռամսյա վարժական հավաքներ․ դրանք մեկնարկել են օգոստոսի 25-ից և կշարունակվեն մինչև նոյեմբերի 25-ը։ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ դրանցում ներգրավված պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայիններն, ըստ անհրաժեշտության, կներգրավվեն նաև մարտական հերթապահության։ Նշվել էր, որ հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն։

Օրերս ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն էր տարածել՝ բարձրաձայնելով, որ վարժական հավաքների, զորավարժությունների ներգրավելիս օրենքը գրեթե հաշվի չի առնում ընտանեկան հանգամանքները։ Նա, ընդգծելով, որ ընտանեկան պայմաններից ելնելով զորահավաքային զորակոչից ազատվում են միայն նրանք, ովքեր ունեն չորս և ավելի երեխա, հայտնել էր, որ «խնդրահարույց օրենքը» վերանայելու առաջարկ է ներկայացնելու։

Лента

Рекомендуем посмотреть