Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ իր ընտանիքում աղջիկ երեխա է ծնվել։
Նա, մասնավորապես, գրել է․
«Մեր Արփին ծնվեց. 3.310 ԿԳ և 51 ՍՄ:
Եւ ծնվեց այն ժամանակ, երբ Ստեփանակերտի հուշահամալիրում ես հարգանքի տուրք էի մատուցում մեր անկախության ու ազատության համար զոհվածների հիշատակին: Արփին մեր ընտանիքի յուրահատուկ նվերն է Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին և մեր բնական պատասխանը պատերազմի արհավիրքին:
Ի դեպ, մեր ընտանիքի համար խորհրդանշական է, որ Նանեն էլ ծնվել է Հայաստանի Հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձի նախօրյակին:
Շնորհավո՜ր Արցախի Հանրապետության օրը: Թո՛ղ բոլորիդ ընտանիքներն այսուհետ լցված լինեն մանկական խինդով ու բերկրանքով, որը ազգի ու հայրենիքի հավիտենականության կարևոր գրավականներից է»:
Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության օրն է: 1991 թվականի այս օրը Արցախի մարզային, Շահումյանի շրջանային և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանն ընդունել է Արցախի Հանրապետության հռչակման և պետական ժամանակավոր մարմինների ձեւավորման մասին հռչակագիրը:
1991թ. դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը օրեր առաջ, Արցախում անցկացվել է հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, արտահայտվել է Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին: Դրան հետևած խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ խորհրդարան, որն էլ կազմել է առաջին կառավարությունը: Անկախ Արցախի կառավարությունը իր պարտականությունների իրականացմանն անցել է բացարձակ շրջափակման և դրան հետևած Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում: