«Ո՛չ ահաբեկումը, ո՛չ շրջափակումը և կրկնվող ռազմական ագրեսիաները չեն կարողացել կոտրել Արցախի ժողովրդի կամքը»․ԼՂՀ 30-ամյակն է - RadioVan.fm

Онлайн

«Ո՛չ ահաբեկումը, ո՛չ շրջափակումը և կրկնվող ռազմական ագրեսիաները չեն կարողացել կոտրել Արցախի ժողովրդի կամքը»․ԼՂՀ 30-ամյակն է

2021-09-02 14:07 , Политика, 1211

«Ո՛չ ահաբեկումը, ո՛չ շրջափակումը և կրկնվող ռազմական ագրեսիաները չեն կարողացել կոտրել Արցախի ժողովրդի կամքը»․ԼՂՀ 30-ամյակն է

Այսօր Արցախի Հանրապետությունը տոնում է հռչակման 30-ամյակը։

Օրվա առիթով հայտարարություններ են տարածել Արցախի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները (ԱԳՆ)

Արցախի ԱԳՆ հայտարարությունում ասված է․

«30 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նիստը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հիմք դնելով անկախ ժողովրդավարական պետության կերտմանը: Հանրապետության հռչակումը լիովին համապատասխանում էր միջազգային իրավունքի նորմերին և այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, որոնք ինքնավար կազմավորումներին և կոմպակտ բնակվող ազգային փոքրամասնություններին իրենց ճակատագիրը և քաղաքական կարգավիճակը ինքնուրույն որոշելու իրավունք էին տրամադրում: 1991 թ. դեկտեմբերի 10-ին անկախ պետություն ստեղծելու որոշումն ամրագրվել է համաժողովրդական հանրաքվեում Արցախի (Լեռնային Ղարաբաղ) ժողովրդի ազատ կամարտահայտությամբ:

Հանրապետության հռչակման մասին 1991 թ. սեպտեմբերի 2-ի Հռչակագրի ընդունումը դարձել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի առանցքային իրադարձություններից մեկը, որը հիմնված էր ժողովրդի ինքնորոշման, պատմական արդարության վերականգնման և մեկ միասնական հայկական պետության մեջ վերամիավորվելու ձգտման վրա՝ նպատակ ունենալով ազատվել ֆիզիկական ոչնչացման մշտական սպառնալիքից:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ուժով և ուժի սպառնալիքի կիրառմամբ լուծելու, ահաբեկման, էթնիկ զտումների, կոտորածների և մարդու իրավունքների զանգվածային խախտումների միջոցով արցախահայությանը հայրենիքից զրկելու Ադրբեջանի հետևողական քաղաքականության պայմաններում անկախ պետության ստեղծումը ոչ միայն կարևոր քաղաքական քայլ էր, այլև պատմական անհրաժեշտություն: 1990-ականների աշխարհաքաղաքական փոփոխությունները և տարածաշրջանային հարաճուն լարվածությունը հասարակության ինքնակազմակերպման և պետական ինստիտուտների ստեղծման վճռական քայլեր էին պահանջում՝ անհրաժեշտ Ադրբեջանի վերահաս զինված ագրեսիան հետ մղելու և Արցախի ժողովրդի խաղաղ ապրելու և զարգանալու իրավունքը երաշխավորելու համար:

Անկախության օրվանից ի վեր Արցախի Հանրապետությունն անցել է բազմաթիվ փորձությունների, այդ թվում՝ կործանարար պատերազմների և ծանր կորուստների միջով: Այնուամենայնիվ, ո՛չ ահաբեկումն ու սպառնալիքները, ո՛չ շրջափակումը և կրկնվող ռազմական ագրեսիաները չեն կարողացել կոտրել Արցախի ժողովրդի կամքը և իր անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, իր պետականությունն ամրապնդելու և զարգացնելու վճռականությունը:

Համոզված ենք, որ Արցախում հայկական պետականությունը ազգային ինքնության, արժանապատվության պահպանման և անվտանգ ապագա ապահովելու հիմնական երաշխավորն է, ինչպես նաև ժողովրդի՝սեփական քաղաքական ճակատագիրն ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքի իրացման միջոցը։

Այս հիշարժան օրը մենք հարգանքի և երախտագիտության տուրք ենք մատուցում նրանց, ովքեր պայքարել են Արցախի արժանապատվության, ազատության և անկախության համար, գլուխ ենք խոնարհում այդ սրբազան պայքարում իրենց կյանքը զոհաբերածների հիշատակի առջև. նրանց քաջությունն ու սխրանքը մշտապես լինելու են հայրենիքին անձնվիրաբար ծառայելու և համազգային գործին նվիրվելու վառ օրինակ:

Հավատարիմ մնալով ազգային-ազատագրական շարժման գաղափարներին, նպատակներին և սկզբունքներին՝ Արցախի Հանրապետության ժողովուրդն ու իշխանությունները անսասան վճռականությամբ շարունակելու են ձգտել հասնելու երկրի անկախության միջազգային ճանաչմանը և տարածքային ամբողջականության վերականգնմանը,ինքնիշխան պետականության ամրապնդմանն ու զարգացմանը։

Կեցցե´ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Փա´ռք ու պատի´վ Արցախի ազատության և անկախության բոլոր մարտիկներին»:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն էլ Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ տաչածած հայտարարությունում շեշտում է․

«Անկախության հռչակագիրն արցախահայության՝ իր հայրենի հողում ազատ և անվտանգ ապրելու անկոտրում կամքի օրինական արտահայտումն էր, որն ամրագրվեց 1991 թ դեկտեմբերի 10-ին անկախության հանրաքվեով։ Այն պարտադրված էր տասնամյակներ շարունակ Ադրբեջանի ԽՍՀ կողմից հայ բնակչության դեմ էթնիկ պատկանելիության հիմքով իրականացրած խտրական և բռնաճնշումների քաղաքականությամբ, որի նպատակն էր հայաթափել Արցախը, ինչի մասին ամենաբարձր մակարդակով տարբեր ժամանակներում հայտարարել են ադրբեջանական իշխանությունները։

Անկախության հռչակագրի ընդունմամբ և անկախության հանրաքվեով Արցախի ժողովուրդը ձգտում էր իրավական կամարտահայտության միջոցով ղարաբաղյան հիմնահարցն առճակատման տրամաբանությունից տեղափոխել քաղաքական հարթություն՝ հասնելու հիմնախնդրի արդարացի լուծմանը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։

Ի պատասխան արցախահայության օրինական ձգտումներին՝ Ադրբեջանի իշխանությունները, շարունակելով Արցախում և Ադրբեջանի հայաշատ բնակավայրերում իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը, լայնածավալ պատերազմ սանձազերծեցին Արցախի Հանրապետության դեմ։

Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով վարվող հայատյաց քաղաքականությունը և շարունակական սպառնալիքները, Արցախի դեմ 2016թ և հատկապես 2020թ ռազմական ագրեսիաները, որոնք ուղեկցվում էին քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հստակ թիրախավորմամբ, հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ և ծրագրված ոչնչացումը վկայում են, որ արցախահայությունը շարունակում է կանգնած մնալ ֆիզիկական գոյության սպառնալիքի առջև և չի կարող ապրել Ադրբեջանի ենթակայության և իրավասության ներքո։

Հանուն իր գոյության և ինքնության՝ Արցախի ժողովրդի հերոսական պայքարը հայրենասիրության, խիզախության և տոկունության օրինակ է ողջ հայության համար: Եվ այս պատմական օրը մենք գլուխ ենք խոնարհում Արցախի ազատության և պաշտպանության համար իրենց կյանքը նվիրած բոլորի առջև։

Անցնող 30 տարիների ընթացքում Արցախը կարողացել է պետական կառավարման կենսունակ մարմիններ ստեղծել և անցկացնել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող ընտրություններ՝ ընտրելով իր օրինական ներկայացուցիչներին և կայացնելով ժողովրդավարական ինստիտուտները։

Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը՝ որպես հիմք՝ ղարաբաղյան հակամարտության արդարացի և տևական լուծման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար»:

Лента

Рекомендуем посмотреть